Միջանկյալ փուլում ենք և չենք կարող տնտեսական աճի վերաբերյալ վերջնական գնահատականներ տալ. Մելքումյան
«Հայաստանի ներկա տնտեսական վիճակը գնահատելիս պետք է ասել, որ մենք գտնվում ենք միջանկյալ փուլում, ուստի չենք կարող տնտեսական աճի վերաբերյալ վերջնական գնահատականներ տալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով` տնտեսության իրական ճյուղերը՝ հատկապես արդյունաբերությունը ցածր տեմպերով են առաջ գնում, ներդրումների իրականացման ծավալը նույնպես գոհացուցիչ չէ: Ըստ նրա` թեև Կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է դրական միտումներ ապահովելու համար, սակայն արդյունքները դեռ չեն երևում:
«Այստեղ խնդիրը ոչ թե մասնագիտական դաշտում է, այլ քաղաքական կամքի ցուցաբերման հարցը: Պետք է ապահովել ներդրումների անվտանգությունը, որոնք կունենան արդյունավետություն»,- ընդգծեց պատգամավորը` հավելելով, որ եթե կարողանանք Հայաստանում ապահովել խոշոր ընկերությունների ներդրումների գրավում, ապա որոշակի հաջողությունների կհասնենք:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը` Մ.Մելքումյանը նշեց, որ պատժամիջոցների երեք հիմնական ուղղություններ կան` բանկային համակարգի, բարձր տեխնոլոգիական մեքենա-սարքավորումների ներկրումների ոլորտի վրա ազդող պատժամիջոցներ, ինչպես նաև ռադիոմիկրոէլեկտրոնիկայի միջոցների մատակարարման դադարեցում: Իսկ Ռուսաստանն էլ արգելել է եվրոպական ապրանքատեսակների ներկրումը և այժմ խոշորածավալ առևտրային պայմանագրեր է կնքում Չինաստանի և Սինգապուրի հետ, որպեսզի այլ շուկաների կորուստը փորձի փոխհատուցել այս երկրների հետ համագործակցությամբ:
«Հարցն այն է` արդյոք Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, թե ոչ: Եթե այս սանկցիաները պետք է բերեն Ռուսաստանի տնտեսական ակտիվության թուլացման, ապա դա որոշակի ազդցություն ունենալու է մեր վրա, մասնավորապես, տրանսֆերտների ծավալները կկրճատվեն, ինչպես նաև խոշոր բանկերի հետ կարող են խնդիրներ առաջանալ»,- ասաց պատգամավորը:
Ըստ Մ. Մելքումյանի` միակ դրական բանն այն է, որ գյուղատնտեսական վերամշակող ապրանքների արտահանման ծավալները հնարավոր է կրկնապատկվեն, սակայն այստեղ էլ վերամշակողները համապատասխան ֆինանսական ռեսուրսներ չունեն: Խոսքը վերաբերում է վարկային միջոցներին:
Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ տնտեսության բարելավման համար պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն, Մ. Մելքումյանը նշեց, որ ներկա սահմանադրությունը չի արգելում ապահովել տնտեսկան աճ:
«Բարեփոխումները ոչ թե սահմանադրությամբ ամրագրելով, այլ օրենքները հարգելով են իրականացնում: Բարեփոխումները ոչ մի կապ չունեն սահմանադրության հետ: Հայաստանի այսօրվա խնդիրը ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են, այլ Հայաստան ներդրումներ բերելը»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Մ.Մելքումյանն ասաց, որ «Հայաստանի անդամակցությունը այս կառույցին, ԵՏՄ երկրների համար ոչ թե ունի տնտեսական, այլ քաղաքական նշանակություն:
«Ընտրելով Եվրասիական միությունը, Հայաստանը նախընտրեց անվտանգության ռեժիմը: Մեր երկիրը Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարող է ունենալ դրական նախադրյալներ, սակայն բացասականները նույնպես չեն բացառվում: Հայաստանը ԱՀԿ-ի անդամ է, մեր մաքսատուրքերը ցածր են, սակայն մտնելով ԵՏՄ` մաքսատուրքերը կբարձրանան»,- նշեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան