Հաշվապահ պահելն ինձ համար ճոխություն է. առևտրականը Շրջանառության հարկի մասին
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքի նպատակն է Հայաստանում վերացնել մանր բիզնեսը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը: Ըստ օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
«Այս օրենքը հարվածելու է փոքր բիզնեսին, և մանրածախ առևտրի կետերը փակվելու են: Օրենքը պետք է գրվի ի շահ բոլորի, բայց մեզ մոտ հակառակն է»,-նշեց Ասլանյանը:
Հանդիպմանը ներկա ձեռներեցությամբ զբաղվող Կարինե Գևորգյանն էլ անդրադառնալով օրենքի կիրառման դրական և բացասական կողմերին ընդգծեց, որ խնդիրեր կան հարկային դաշտում:
«Ես ի վիճակի չեմ լինելու նոր օրենքով բիզնեսով զբաղվել, ամեն ապրանքի համար հաշվետու լինելու համար պետք է հաշվապահ պահել, բայց ես ինձ նման ճոխություն չեմ կարող թույլ տալ»,-նշեց նա:
Առևտրականները պահանջում են, որ օրենքը հետ կանչվի, իսկ մինչ այդ գործադուլներ են սկսելու: