Արման Բարսեղյան. Ընթացիկ տարում Ամերիաբանկն ընդլայնել է մանրածախ ծառայությունների տեսականին
Ամերիաբանկը շարունակում է հաջողությամբ զարգացնել մանրածախ բիզնեսը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Նա նշեց, որ ընթացիկ տարում Ամերիաբանկն ընդլայնել է մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր ու հետաքրքիր առաջարկներով, միաժամանակ ապահովել ծառայությունների մատուցման առավել պարզ ու ճկուն պայմաններ:
Ըստ նրա, մանրածախ գործառնությունների գծով մեկ տարվա՝ 2013 թ. օգոստոսի 31-ից այս տարվա օգոստոսի 31-ը, գործունեության արդյունքները վկայում են, որ բանկի ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է 65 տոկոսով, իրավաբանական անձանց տրամադրած օվերդրաֆտների ծավալը՝ 50 տոկոսով, պլաստիկ քարտերով վարկերն աճել են 38 տոկոսով, տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկերի ծավալն աճել է 11 տոկոսով, հիփոթեքային վարկերի ծավալը՝ 8 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում, ֆիզիկական ցպահանջ ավանդներն աճել են 37 տոկոսով և այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ կազմել 41 միլիոն դոլար, ժամկետային ավանդներն աճել են 23 տոկոսով՝ կազմելով ավելի քան 188 միլիոն դոլար: Նույն ժամանակահատվածում, վճարային պլաստիկ քարտերի քանակն աճել է շուրջ 30 տոկոսով, իսկ քարտերով գործառնությունների ծավալը՝ 23 տոկոսով: Հաճախորդների թվաքանակը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 22 տոկոսով:
«Այսինքն հիմնական բոլոր ուղղությունների գծով ունենք բավականին բարձր աճի տեմպեր, որոնք մեզ հնարավորություն են տվել, նախորդ տարվա համեմատ, էականորեն բարելավել մեր մրցակցային դիրքը շուկայում»,- ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը: