Հունվար-սեպտեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշը աճել է 4.3 %-ով. ԱՎԾ
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 %-ով, իսկ 2013թ-ի սեպտեմբերին համեմատ աճել է 5.1%-ով: Ամսական կտրվածքով՝ սեպտեմբերը օգոստոսի համեմատ, ՏԱՑ-ը աճել է 11.3%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-սեպտեմբերին , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 1.7 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 7.5%-ով: 2013թ-ի սեպտեմբերի համեմատ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.7%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունում` 10.2%-ի աճ: Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այստեղ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 13%-ի անկում:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալները 2014թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.4%-ով, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 5.2%-ով:
Այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա համեմատ 10.8%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 6,8 %: Ըստ ԱՎԾ-ի` սպառողական գները հունվար-սեպտեմբերին աճել են 2.9%-ով, իսկ մեկ տարում` 1.5 %-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.9%-ով, հունվար-սեպտեմբերին` 3.9%-ով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 18,3%-ով: Սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 4.7%-ով աճել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները`10.5%-ով:
Հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7.6%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 7.9%. պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 144 հազ. 851 դրամ, իսկ մասնավոր հատվածում` 194,4 հազ. դրամ:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` ամսական կտրվածքով միջին ամսական աշխատավարձը աճել է 0.2 տոկոսով, ընդ որում` պետական համակարգում` 1.1 %-ով, իսկ մասնավոր հատվածում այն նվազել է 0.8%-ով: