Էլ ի՞նչ զիջման է պատրաստ կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված
Բացի այս զիջումը, որ կառավարությունը համաձայնվեց մինչև փետրվար հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը այլ զիջումներ լինելո՞ւ են: Հարցը ԱԺ-ում հնչեցրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշյալ օրենքի հետաձգման նախագծի քննարկման ժամանակ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ կառավարությունը սկսել է դժվարագույն գործընթաց.
«Կարծում եմ, որ այս պահին զիջումների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև գործընթացը պետք է սկսվի, մենք հասկանանք՝ արդյո՞ք առկա են այն մտահոգությունները, որ այսօր այստեղ հնչում են և կարծում եմ, որ տևական ժամանակահատված անց, երբ մենք առիթ կունենանք ևս մեկ անգամ անդրադառնալու կամ այս հարցին, կամ լրացուցիչ այլ հարցերի ձեզ հետ միասին կարձանագրենք կա դրա անհրաժեշտությունը, թե ոչ: Բայց համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինելու»,- ընդգծեց փոխնախարարը:
Վ.Միրումյանը նաև նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքն ի սկզբանե չի ենթադրել և փաստաթղթավորմամբ հանդերձ չի նշանակում լրացուցիչ հաշվառում կամ հաշվապահի առկայություն: Նշենք, որ այդ մտահոգությունը շատ պատգամավորների էր պատկանում, որոնք պնդում էին, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին այս օրենքով նաև պարտադրվում է հաշվապահ ունենալ:
«Այս նախաձեռնությամբ մենք առաջարկում ենք՝ այնպես, ինչպես փաստաթղթերը չեն մասնակցել հարկերի հաշվարկմանը, շարունակելու են չմասնակցել: Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտին ընդամենը մնում է այդ ձեռք բերված փաստաթուղթը խնամքով պահել դարակում: Նաև չենք պարտադրում, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտն ունենա փաստաթուղթ լրացնելու կարգի հմտություններ, դա պետք է ունենա խոշորը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ուզում է փարատել պատգամավորի մտահոգությունը, որ որևէ պատճառ ու հանգամանք առկա չի, որպեսզի այս փոփոխությամբ պայմանավորված ՓՄ սուբյեկտները ավելորդ հաշվառում վարեն կամ ունենան հաշվապահ:
Հիշեցնենք, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք: