Հայաստանը կապող օղակ կդառնա ԵՏՄ և ԵՄ երկրների միջև. Շ.Քոչարյան
«ԵՏՄ անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթն առկա է, շուտով այն կլինի ԱԺ-ում»,-հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ավելացնելով, որ այդ ամենի շրջանակներում առաջին անհրաժեշտության 800 ապրանքների մասով ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի դեպքում գործելու է այն մաքսային ռեժիմը, որը եղել է նախկինում: Եվ բացառեց, որ այդ մասով ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է փոփոխության ենթարկվել:
«Այնպես չի, որ մեկ էլ հանկարծ վերցնեն ու որոշեն փոխել: Որոշումը նշանակում է, որ այն ընդունվում է բոլոր անդամ երկրների համաձայնությամբ և եթե խոսքը հունվարի 2-ից հետո որևէ փոփոխությանն է վերաբերում, ապա դա արվելու է նաև մեր համաձայնությամբ»,- ընդգծեց նա:
Շ.Քոչարյանը նշեց, որ ըստ էության Հայաստանը ձեռք է բերում հնարավորություն լինել և շահեկան վիճակում, և որոշակի առումով կապող օղակ դառնալ Եվրասիական միության և Եվրոպական միության երկրների հետ: Մասնավորեցրեց, որ Հայաստանն օգտվում է GSP+ արտոնյալ համակարգից, ինչը նշանակում է, որ 6600 անուն ապրանք Հայաստանում զրոյական դրույքաչափով են:
«Բնական է, մենք Եվրասիական տարածքում գործող գործարարին՝ լինի հայ, ռուս, ղազախ , թե բելառուս հնարավարություն ենք ընձեռում Հայաստանում ստեղծել ձեռնարկություն և արտադրանքն այդ արտոնյալ պայմաններով իրացնել եվրոպական շուկայում: Իր հերթին էլ ԵՄ երկրները կարող են մեր երկրում բացել ձեռնարկություններ, արտադրանք ունենալ , որն առանց մաքսատուրքերի գնում է այդ ամբողջ շուկան»,- ներկայացրեց Շ.Քոչարյանը:
Անդրադառնալով «և-և»-ի քաղաքականությանը, պաշտոնյան հայտարարեց, որ դա Հայաստանի քաղաքականությունն է, որը եղել է , կա և շարունակվելու է:
«Սա այն դեպքն է, երբ մենք հստակ ասում ենք՝ մենք դեմ ենք բաժանարար գծերին, մենք դեմ ենք, որ լինի բևեռացում: Իհարկե, մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, երբ կան բացասական որոշակի միտումներ, բայց այնուամենայնիվ ապագան մենք դիտարկում ենք որպես երկխոսություն: Ըստ էության խոսում ենք հիմա և ԵՄ մասին, և ԵՏՄ մասին»,- ասաց նա :