Մեկնարկել է ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը
Այսօր Դիլիջանում մեկնարկել է ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Այն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:
Ֆորումի նպատակն է՝ քննարկումների արդյունքում Ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում: Այս մասին հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
«Մեծ է ավանդական դարձած Բիզնես ինովացիոն ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի արդի իրականությունում: Այն մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու բիզնեսում ՏՀՏ գործիքների կիրառման արտասահմանյան փորձին՝ խթանելով իրենց ընկերությունների վաճառքի ավելացումը, նոր շուկաների նվաճումը, հաճախորդների սպասարկման և արտադրանքի որակի կտրուկ բարձրացումը»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ կարևորելով բարձր տեխնոլոգիաների վճռորոշ դերը հասարակական հարաբերությունների, երկրի տնտեսության զարգացման և գիտության բնագավառներում:
Ֆորումի աշխատանքներում առանձնահատուկ բաժին է տրամադրված զարգացած նորարարական երկրների փորձի և Հայաստանի իրավիճակի համադրմանը:
«Գնահատելով Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները՝ մենք մեծապես կարևորում ենք համաշխարհային փորձի ներկայացումը, մեր և առաջատար երկրների փորձի համադրումը, որն իր հերթին թելադրում է գործընթացների արագությունը: Հիմնախնդիրների բազմակողմանի քննարկման և նոր գաղափարների ներկայացման համար Բիզնես ինովացիոն ֆորումը լավագույն հարթակն է՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցչականությամբ»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Բիզնես ինովացիոն ֆորումի առաջին օրվա պլենար նիստի հիմնական խոսնակներն են իսրայելական «Յոզմա գրուպ» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և գործադիր ղեկավար Յիգալ Էրլիխը և «Գրանատուս Վենչուրս» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա «Ինովացիոն քաղաքականություն. միջազգային և հայաստանյան փորձի համադրում» թեմայով քննարկումը, որի խոսնակներն են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՄԱԿ մշտական համակարգող և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նոյեմբերի 1-ին Բիզնես ինովացիոն ֆորումը կշարունակի իր աշխատանքները՝ Համալսարանական կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում, Հանրակրթական համակարգի մարտահրավերը տեխնոլոգիական ոլորտում և Տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրները թեմատիկ քննարկումներով:
Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Միջոցառման գլխավոր հովանավորը «Բեթ Կոնստրակտ» ընկերությունն է, գործընկերներն են՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնը, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը, «Բեսթ Վեսթերն Փարադայզ Հոթել Դիլիջան» և «Էներգոկրեդիտ Արմենիա» ընկերությունները:
Ֆորումի աշխատանքներին կարելի է հետևել www.bif.am կայքում: