Իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցելվ Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ու կապերի զարգացման հնարավորությունները: Նախարարները կարևորել են իրենց գլխավորած գերատեսչությունների միջև փորձի և գիտական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:
Իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման և կոոպերատիվների ստեղծման հարցերում: Նախարար Սերգո Կարապետյանն իտալացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Հանդիպման ավարտին նախարարներ Սերգո Կարապետյանը և Մաուրիցո Մարտինան Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարարության միջև: