ԵՏՄ մասին քննարկվող պայմանագրի դրական եզրակացությամբ ընդգրկումը ԱԺ առաջիկա քառօրյա երաշխավորվել է
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հհհետ կապերի վարչությունը:
Գործող օրենսդրությամբ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը ՀՀ-ում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: Հեղինակն առաջարկում է երկու բառը փոխարինել 4 բառով, իսկ 15-օրյա ժամկետը՝ 30 օրյա ժամկետով:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գործելու է ԵՏՄ մաքսային օրենսդրությունը և վերոնշյալ խնդիրը կարգավորվում է ԵՏՄ օրենսդրությամբ: Նշվել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի նոր օրինագիծ, որը կհամապատասխանի ԵՏՄ օրենսդրությանը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է հեղինակին օրինագծի քննարկումը հետաձգել:
Հեղինակի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչև մեկ տարով: Հետաձգվել է նաև ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանի և Ռուբիկ Հակաբյանի նեղինակած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը:
Հանձնաժողովը քննարկել է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 5 հավելվածից: Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի:
Պայմանագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի և «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին ու անցումային դրույթներին համապատասխան:
Պայմանագրի 2-րդ հավելվածում նշվում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են ԵԱՏՄ մասին պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միանալու կապակցությամբ:
Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրի և քննարկվող պայմանագրով նախատեսված այլ միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառման պայմանները և անցումային դրույթները:
Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵԱՏՄ մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:
Քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացնելու է երրորդ պետությունների տարածքով, այդ կապակցությամբ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները սահմանված են պայմանագրի 5-րդ հավելվածով:
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում և հարցադրումներում փորձել են պարզել, թե ինչ է տալու անդամակցությունը մեր երկրին, որ ապրանքատեսակների մասով է մաքսատուրքը մնալու անփոփոխ, նրանք անդրադարձել են օտարերկրյա ներդրումներին, արտահանմանն ու ներկրմանը, ԵՄ-ի հետ հետագա համագործակցությանը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է բոլոր մտահոգություններին և հարցադրումներին: 5 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը երաշխավորել է քննարկվող պայմանագիրը դրական եզրակացությամբ ընդգրկելու ԱԺ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին