Հայկական ԱԷԿ-ի նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսվում է 2026-ին
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի քննարկումը: Ծրագիրը մշակվել է USAID-ի աջակցությամբ, որին մասնակցել են նաև էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ օգտագործելով ինստիտուտում առկա մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթը: Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը :
«Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի կարգադրության համաձայն՝ պետք է ապահովել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել նոր միջուկային էներգաբլոկով և հանել շահագործումից՝ առանց տնտեսական, սոցիալական, բնապահպանական և էներգետիկ բնույթի բացասական հետևանքների:
Հայկական ԱԷԿ-ի մինչև 1000 ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսվում է 2026 թվականին:
Տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի առանձին ճյուղերում՝ մասնավորապես արևային էներգետիկայում կիրառվող տեխնոլոգիաների և սարքավորումների գների նվազումը անհրաժեշտություն առաջացրել են վերանայել Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը:
Այսօր արդեն, պատրաստ ուսումնասիրությունն օպտիմիզացնում է Հանրապետության առաջնային էներգակիրների սպառումը և առաջարկում է զարգացման սցենարներ, որոնք նվազագույնի են հասցնում երկրի էներգետիկ ծախսերը դիտարկված ժամանակահատվածում՝ մինչև 2036 թվականը: Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրում ներկայացված եզրակացությունները հիմնականում հաստատում են մինչ այսօր ընդունված ռազմավարական փաստաթղթերում ներառված նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:
Նշենք, որ Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման առաջին ծրագիրը ևս մշակվել էր USAID-ի աջակցությամբ՝ 2006 թվականին, որը հիմք էր հանդիսացել ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարական բնույթի փաստաթղթերի մշակման համար:
Համաձայն այդ փաստաթղթերի՝ նախատեսվում էր մինչև 2020 թվականը շահագործման հանձնել նոր միջուկային էներգաբլոկը: Սակայն ֆինանսական ճգնաժամի և այլ օբյեկտիվ պատճառներով չի հաջողվել տեղավորվել սահմանված ժամկետներում: Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշել է երկարաձգել հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: