«Այս տարի 50 տոկոս աղքատության ենք գնում». Բաբկեն Պիպոյան
«Այս տարի բացառիկ դեպք է, մեր երկրում չկա ամանորյա գնաճ, մեզ մոտ ֆանտաստիկ գնաճ է»,- հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Պիպոյանի՝ ոչ-ոք ոչինչ չի անում երկրում աննախադեպ գնաճը կանխելու համար, արվում են միայն հայտարարություններ, որոնք զուտ փաստեր են արձանագրում, իսկ ռեալ քայլեր չկան:
Պիպոյանը նշեց նաև , որ ՀՀ ԿԲ-ն այսօր կապ չունի ՀՀ-ում գործող բանկերի հետ, քանի որ բանկերն ինքնուրույն են վարում իրենց քաղաքականությունը՝ արտարժույթի փոխարժեք սահմանելու հարցում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նաև խոսեց գործադիրի գործառույթների մասին: Նրա խոսքերով՝ կառավարությունը չպետք է զբաղվի վիճակագրությամբ, այլ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի և ներկայացնի, թե ինչ է անում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
«Մեր երկրում այս տարի 50 տոկոս աղքատության ենք գնում»,- հայտարարց Պիպոյանը:
Նա նաև համեմատեց ՀՀ-ում տիրող իրավիճակն այլ երկրների հետ: Մասնավորապես, Պիպոյանը նշեց, որ Ուկրաինայում, որտեղ գրիվենը շատ ավելի է արժեզրկված, քան ՀՀ դրամը, գնաճն ավելի քիչ է, քան ՀՀ-ում: Բացի այդ, Պիպոյանը ներկայացրեց փաստեր, որ ՀՀ-ում չկա վերահսկողություն գործադիրի կողմից: Դրա արդյունքում էլ ՀՀ ներկրված շատ արտադրանքներ վաճառվում են տեղականի անվան տակ՝ ավելի էժան գներով, ինչը հարվածում է տեղական արտադրողին: Պիպոյանի խոսքերով՝ ՀՀ-ում գործող տնտեսվարողներն անվերահսկելի են, ինչն անթույլատրելի է: