«Խնդրում եմ՝ ԿԲ-ին արձակուրդից կանչեք». Բաբկեն Պիպոյան
«Այսօր մարդիկ դոլարով են առևտուր անում, և կանխող չկա…երկրի ներսում՝ ներքին առևտուր դոլարով է կատարվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Այսօրվա տիրող իրավիճակում, Պիպոյանի խոսքերով, կան լուծումներ, սակայն «երկիրը բարձիթողի վիճակում է»: Ըստ Պիպոյանի՝ խոշոր տնտեսվարողներն այսօր խնդիրեր չունեն, միայն միջին բիզնեսն է տուժում: Նրա խոսքերով՝ պետությունը պարտավոր է գոնե իջեցնել խոշոր տնտեսվարողների եկամտաբերության տոկոսը:
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ այսօրվա գնաճը ոչ համաչափ է: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն ասածն ապացուցելու համար բերեց հացի գնի թանկացման օրինակը. «Ապարանցու անեկդոտի նման ասենք՝ ինձ ի՞նչ, որ բենզինը թանկացել է, մեկ է՝ ես միշտ հազար դրամի եմ լցնում…նույնն էլ հացի դեպքում է այսօր: Մենք գիտենք 200 դրամանոց հաց և վերջ: Բայց քանի՞ գրամ է կշռում այդ հացը՝ տեղյակ չենք»:
Բաբկեն Պիպոյանը խոսեց նաև կառավարության վարած սխալ քաղաքականությունից: Մասնավորապես, նա խոսեց դրամի արժեվորման մասին, երբ մեկ դոլարի փոխարժեքը սահմանել էին 410 դրամ: Պիպոյանի խոսքերով՝ անհրաժեշտ էր այդ ժամանակ փոխարժեքը 470 սահմանել, որպեսզի այսօր 500-600-ի պարագայում ժողովրդի շրջանում խուճապ չառաջանար: «Լողացաող կուրս չտեսա, դրամը միանգամից խեղդեցին…խնդրում եմ՝ ԿԲ-ին արձակուրդից կանչեք…»,- հայտարարեց Պիպոյանը՝ իր խոսքը եզրափակելով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին