Դ. Հարությունյան. Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը
Գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է վերահսկել, ինչն էլ անում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով գների տատանումների և կառավարության կողմից ձեռնակվող քայլերի մասին հարցին:
Պատասխանելով դիտարկմանը, թե գները որոշակիորեն իջնում են միայն նրանից հետո, երբ վարչապետն անձամբ է այցելում խանութներ, Դ Հարությունյանն ասաց. «Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և այդ առումով ինքը որևէ տարօրինակ քայլ չի կատարել»:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե կան խանութներ, որտեղ գները դեռևս չեն իջել, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց. «Դրա համար գոյություն ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որը պարտավոր է այդ ամենը վերահսկել: Իսկ հանձնարարականները տրվել են նաև կառավարության նիստի ժամանակ: Հանձնաժողովը չի ենթարկվում ուղղակիորեն կառավարությանը, բայց կառավարությունն իրավունք ունի ծանոթանալ իրավիճակին, և եթե անհրաժեշտություն լինի, դիմի համապատասխան հանձնաժողովին, ինչը և վարչապետն արեց»:
Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի շարքային քաղաքացին հարցին ի պատասխան ասաց. «Շուկայում տատանումներ եղել են, այո, պետության խնդիրն է, արդեն ասացի՝ ինչ անել, վերահսկել այդ ամենը, քայլեր ձեռնարկել»:
Դիտարկմանը, թե քաղաքացիները 150 դրամով ձու են գնել, հիմա ո՞վ պետք է նրանց փոխհատուցի, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ պահին պետք չէր գնել ձու ուղղակի: Կարող են չարաշահումներ լինել, բայց դա չի նշանակում, որ պետությունն ի վիճակի է կամ կարող է կամ որևէ երկրի որևէ պետություն գալիս է և փոխհատուցում վնասները: Պետությունն ունի իր գործիքակազմը և դա պետք է կյանքի կոչի, ինչքանով այն արդյունավետ է, պետք է գնահատեք դուք՝ հաջողվում է, թե չի հաջողվում, բայց դա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք պետք է գա ու ասի՝ փոխհատուցեք իմ վնասները»:
Դավիթ Հարությունյանը կիսեց այն կարծիքը, թե որոշ մարդիկ այս օրերի ընթացքում շահույթ ունեցան. «Իհարկե, ցանկացած տատանման ժամանակ որոշ մարդիկ շահում են, իսկ ոմանք կորցնում են: Յուրաքանչյուր օր բորսայում տեղի են ունենում հսկայական տատանումներ, մեկը շահում է, մեկը՝ կորցնում, խոսքը միայն արտարժույթի մասին չէ»: