Սերժ Սարգսյանը ծանոթացավ Մ-6-Թեղուտ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:
Մ-6-Թեղուտ ավտոճանապարհը սկսվում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 72-րդ կմ-ից և Շնող համայնքի բնակավայրի եզրով միանում է Շնող-Թեղուտ ճանապարհահատվածին ու հասնում մինչև Թեղուտ համայնքի սկիզբ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են ճանապարհի հողային և պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային կապիտալ պատվածքի՝ ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի և վերին շերտի կառուցման աշխատանքները: Վերականգնվել են ջրահեռացման համակարգը, իջատեղերը, հիմնանորոգվել են գոյություն ունեցող կամուրջները, տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ և կատարվել է գծանշում:
Թեղուտ համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համայնքի տրամադրությունը այսօր շատ բարձր է՝ կապված իրականացված վերջին աշխատանքների հետ:
«Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Թեղուտում էր և մենք այդ ժամանակ խնդրել ենք նրան աջակցել Շնող-Թեղուտ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կյանքի կոչելու համար: Ինչպես տեսնում ենք, ճանապարհը արագ և որակով կառուցվել է»,-նշեց Ֆ.Նորեկյանը:
Նրա խոսքով, նոր ավտոճանապարհը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համայնքի համար:
Ֆ.Նորեկյանը հավելեց, որ Մ-6-Թեղուտ ճանապարհի շինարարությունը կատարվել է բարձր մակարդակով և իրենք դրա համար շատ շնորհակալ են: