Հարկային օրենսդրության փոփոխությունները չի կարելի արագ իրականացնել. Արծվիկ Մինասյան
Կառավարությունն իր խոստումը՝ հասարակության խնդիրներին ականջալուր լինելու մասով, մասամբ կատարեց, քննարկման առարկա դարձնելով հասարակության ու քաղաքական ուժերի ներկայացրած առաջարկները: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«ՀՅԴ-ն առաջարկել էր ոչ թե կամ-կամ-ի սկզբունքը՝ փաստաթղթավորում կամ առանց փաստաթղթավորման տուգանքներ, այլ թույլ տալ, որ ինքը՝ տնտեսվարողը շրջանառության մեջ շահագրգռված լինի ապահովել այդ փաստաթղթավորումը և հետևաբար, նվազ հարկվել: ՀՅԴ-ն առաջարկել էր 150 միլիոն դրամ դարձնել շեմը, այլ ոչ թե 113 միլիոն դրամ, ինչպես որոշել է կառավարությունը»,-դաշնակցության առաջարկը ներկայացրեց պատգամավորը:
Միաժամանակ, նա հստակ առաջարկություն արեց՝ ասելով, որ պետք է նախագծում կոնկրետ նշվի, թե ինչ փաստաթղթեր, ինչ ժամկետներում պետք է ներկայացվեն:
Պատգամավորի առանձնացրած խնդիրը վերաբերում էր տոկոսադրույքներին: Նրա խոսքով, կան ռիսկեր, քանի որ եթե տարբերությունը հսկայական է և մեծ կորուստներ կարող է պատճառել սուբյեկտներին: Այդ պատճառով, ըստ Մինասյանի, նախընտրելի է պահպանել 3,5 տոկոսը, սկզբնական փուլում, 3-ն էլ թույլ տալ նվազեցում, և միջին բեռնվածությունը կլիներ մեկ տոկոս:
«Այս օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2016 թվականի հունվարի մեկից շուտ: Ընդհանրապես հարկային օրենսդրության փոփոխությունները չի կարելի արագ իրականացնել: Չի կարող այս հարկային դրույքաչափի մեծացումը ուժի մեջ մտնել հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ Դաշնակցություն խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին:
Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով: