«Հում, չեփված, չձևավորված օրենքի նախագիծ է». ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին» օրենքը
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց ընդդիմության դժգոհությամբ:
«Շահութահարկի մասին» օրենքի քվեարկությանն ընդառաջ, որից հետո նախագիծը պետք է քննարկվի նաև արագացված ռեժիմով երկրորդ ընթերցմամբ, ընդդիմադիրները հայտարարեցին, թե որքան վտանգավոր է այս նախագիծը:
«ՀԱԿ-ը մեկ անգամ ևս հայտարարում է, որ սա ծայրահեղ վտանգավոր, կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանը ուղղված նախագիծ է: Կոչ ենք անում, որ բոլորը հասկանան այն պատասխանատվությունը, որ կրում են այս օրենքով և վերանայեն իրենց մոտեցումը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն խիստ հարգելի պատճառներով չի հասցրել ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ օրենքի այս նախագծին, ուստի իրենք կքվեարկեն ձեռնպահ:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ «հում, չեփված, չձևավորված օրենքի նախագիծ է, քվեարկության ենթակա չէ, ուստի խնդրում են` չքվեարկել»:
Պատգամավորները նաև դժգոհեցին, որ նախագիծը նախապես չեն քննարկել, ինչին արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Կներեք, մյուս անգամ հանձնաժողովի նիստը կնշանակեմ` ըստ ձեր գրաֆիկների»:
Նրա խոսքերով` ՀՀԿ-ն մնում է իր կարծիքին և համոզված են, որ տվյալ օրենսդրական փաթեթը զարկ է տալու արտահանմանը:
Խաչատուր Քոքոբելյանի ելույթից էլ պարզ դարձավ, որ նա կիսում է ՀԱԿ-ի կարծիքը:
«Oրենքն այս տեսքով ճանապարհ է դեպի արտահանման մոնոպոլիզացիայի: Սա որևէ աղերս շուկայական հարաբերությունների հետ չունի և գտնում եմ, որ պետք է դեմ քվեարկենք»,- հայտարարեց նա:
Սակայն կողմ ՝ 68, դեմ՝ 11, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ: