«Շահագրգռված ենք դեպի չինական շուկա հայկական գյուղարտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ»
«Մեր երկրի անկախացումից հետո Չինաստանի կառավարությունը տեխնիկական մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսությանը»,-ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն՝ ընդունելով ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Այս մասին հայտնում են ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մենք շահագրգռված ենք դեպի չինական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ», - նշել է Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ հավելելով, որ հատկապես կոնյակի և գինու արտահանման ծավալներն օրըստօրե մեծանում են:
Հանդիպման ընթացքում նախարարը նաև առաջարկել է քննարկել Հայաստանում կոոպերատիվների չինական մոդելի ներդրման հնարավորությունը:
Դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշել է, որ հետաքրքրված է գյուղատնտեսության և հատկապես պարենային անվտանգության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպմանը նախարարն առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքատեսակներին, ինչպես նաև խթան կհանդիսանա գործարար կապերի աշխուժացման և նոր ներդրողների ներգրավման համար:
Որպես երկու երկրների միջև ագրարային ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ջերմատների կառուցումը, հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչպես նաև համագործակցության խթանումը գիտական և խորհրդատվական ոլորտներում:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր չինացի գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին