Հարկային մարմինները ստուգումներն իրականացնում են անկախ կուսակցական պատկանելությունից. Վահրամ Բաղդասարյան
Հանրապետական կուսակցության անդամ գործարարներին պատկանող ընկերություններում համատարած հարկային ստուգումները սովորական գործընթաց են և դրանց պետք է նորմալ վերաբերվել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Կուսակցական պատկանելությունը չի կարող նպաստել, որ զերծ մնան հարկային ստուգումներից»,- հավելեց իշխանական խմբակցության ղեկավարը՝ բացատրելով, որ դեռ կառավարության ձևավորման առաջին օրերից նախագահ Սերժ Սարգսյանի կողմից է եղել հանձնարարություն որ անձնական հարցերն ու կուսակցական լինելը չպետք է խանգարեն հարկային ստուգումների իրականացմանը:
Միաժամանակ Բաղդասարյանն ընդգծեց, որ հարկային ստուգումներն ինքնանպատակ չեն, դիտավորություն չեն կարող ունենալ ու պետք է շարունակական բնույթ կրեն:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Սերժ Սարգսյանի եղբորը պատկանող հիմնարկները ևս ենթարկվո՞ւմ են հարկային ստուգումների, Բաղդասարյանը պատասխանեց. «Չենք անձնավորում գործընթացը, դա բոլորին է վերաբերում»:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) և Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) ձեռնարկություններում: