Քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը
Այսօր ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից:
Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:
Արեգ Գալստյանը ներկայացրել է նաև 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 270 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ՀՀ տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: