Վարդանյաններին պատկանող ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ վարչական վարույթը հիմքեր չունի. Պարզաբանում
«Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների նկատմամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հարուցած վարչական վարույթը հիմքեր չունի: Այդ մասին այսօր Panorama.am-ին ասաց Գրանդ հոլդինգի մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանը:
«Մենք տեղյակ ենք հանձնաժողովի հարուցած վարույթի մասին: Մենք կարծում ենք, որ հիմքեր չուներ հանձնաժողովը նման վարույթ հարուցելու: Վարույթը կսկսվի, ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա», -հավելեց Բրուտյանը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն խոշոր գործարար Հրանտ Վարդանյանի որդիների` Միքայել և Կարեն Վարդանյաններին պատկանող ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացրել էր ապրիլի 30-ին` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Բանն այն է, որ ըստ աղբյուրի, այդ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջինները հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած և արտադրված ծխախոտի իրացումից:
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ նրանք խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ, պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը:
«Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ՝ նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը»,- ասված էր հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է «Գրանդ քենդի» ընկերությունում աշխատավարձերը չվճարելու մասին տարածված տեղեկություններին, Բրուտյանը հերքեց` ասելով, որ դրանք ապատեղեկատվություն են, չեն համապատասխանում իրականությանը: