Միջազգային կառույցների կանխատեսումները մի քիչ վերաապահովագրված են. Կարեն Ճշմարիտյան
«Միջազգային կառույցների կանխատեսումները մի քիչ վերաապահովագրված են, քանի որ նրանք կոնկրետ մի քանի ցուցանիշով և մեթոդիկայով են հաշվարկում ու շատ ավելի զգուշավոր են, քան իրականությունն է թելադրում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով միջազգային կառույցների կողմից կանխատեսվող տնտեսական անկման ցուցանիշներին:
Նրա խոսքերով՝ առաջին եռամսյակում, որ ամենածանրն է տարվա համար, 2.5 % տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, ընդ որում՝ արտահանման, ներմուծման և առևտրի ոլորտի անկումը կոմպենսացվել են արդյունաբերության աճով:
Դիտարկմանը, թե արդյունաբերության աճը չնչին է, Կ.Ճշմարիտյանը չհամաձայնեց: «Դա չնչին չէ, առաջին եռամսյակում արդյունաբերության 106.5 %-ի աճը չնչին չէ, դա նորմալ աճ է այս պայմանների համեմատ, նույնիսկ ես կասեի լավ: Ունենք նոր հզորություններ, որոնք գործարկվել են, մասնավորապես՝ Թեղուտը, որը արտադրության և արտահանման ծավալներ է ապահովում նույնիսկ ցածր պղնձի ու մոլիբդենի միջազգային գնի պայմաններում: Իսկ դա խոսում է նրա մասին, որ ներդրողները, որոնք այդ ոլորտում աշխատում են, ավելի լիահույս են այդ ոլորտի հետագա զարգացման համար, քան հաշվարկի արդյունքում ստեղծվածը»,- ասաց նախարարը:
Նա միաժամանակ նշեց, որ հունվարը պասիվ ամիս է, բացի այդ, կային սպասումներ, որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք օբյեկտիվ են:
«Օբյեկտիվ է և մեր արտահանման անկումը: Նորմալ չէր լինի, եթե մեր գործընկեր երկրում, որի հետ ունենք 25%-ից ավելի առևտրի ծավալ, նման տատանումների դեպքում մեզ մոտ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չլիներ, ես ինքս դրան չէի հավատա»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Հարցին, թե հակասող չեն տվյալները, որ արտաքին առևտուրը 28%-ից ավելի անկում է ապրում, բայց միաժամանակ նշվում է տնտեսական ակտիվությունը կամ արդյունաբերությունն աճում է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազում են, նախարարը պատասխանեց, որ հակասող չեն և նույնիսկ կարող է բերել գործոններ, որ դրանք կոմպենսացվում են:
Նախ, ըստ Կ.Ճշմարիտյանի, առևտրի անկումն այնքան չէ, ինչքան նշված է, քանի որ ԵՏՄ երկրների հետ մեր վիճակագրությունը ընդհանրապես ներառված չէ:
«Երկրորդ՝ դա միայն մի գործոն չէ, որով կարող ենք կողմնորոշել: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի ծավալների անկումը մի քանի պատճառ ունի, նախ բոլորդ էլ նկատած կլինեք, որ բնակչությունը, արդյունաբերական ձեռնարկությունները, ջերմոցները, բոլորն աշխատում են առավել էներգախնայող ռեժիմով: Եվ հետո տաք ձմեռ էր, որը էներգետիկայի վրա լուրջ ազդեցություն ունի։ Բացի այդ, Իրանի շուկայի հետ էքսպորտի ծավալները ավելացել են, կարծում եմ, որ հուլիսին արտահանման ծավալները կհասցնենք 100%-ի»,- նշեց Կ.Ճշմարիտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին