Բերբերյան. Բանկերի պատճառով Շիրակում նվազել են կարտոֆիլի ցանքատարածությունները
Շիրակի մարզում շատ խիստ նվազել է կարտոֆիլի ցանքատարածությունների մակերեսը: Panorama.am-ին այս մասին տեղեկեցրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Զարմանքով եմ սա արձանագրում: Հինգ գյուղ ենք ուսումնասիրել, անցած տարվա համեմատ մոտ 60-70 տոկոսով այդ գյուղերում նվազել են կարտոֆիլի ցանքատարածությունները»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Միավորման նախագահը մանրամասնեց, որ հողերն իրականում մշակվել են, սակայն կարտոֆիլի փոխարեն գյուղացիներն այլ բանջարեղեն են ցանել կամ տնկել՝ գազար, ճակնդեղ, կաղամբ, գարնանացան գարի և այլն:
«Սրա հիմնական պատճառը բանկային համակարգի թերի աշխատանքն է: Գյուղացիներին վարկ չեն տրամադրել, նրանք էլ օգտագործել են այն, ինչ ունեցել են ձեռքի տակ»,-բացատրեց մասնագետը:
Բերբերյանը նշեց, որ ի տարբերություն Շիրակի կարտոֆիլի ցանքատարածությունների մակերեսն անցած տարվա համեմատ մոտ 30 տոկոսով ավելացել է Արարատյան հարթավայրում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում:
«Մենք կարտոֆիլի բերքի պրոբլեմ չենք ունենա, հարցը դա չէ, հարցն այն է, որ կարտոֆիլի արտադրությունը տարածքային փոփոխությունների է ենթարկվում, կարծում եմ Շիրակում կարտոֆիլի բերքը 50 տոկոսով կնվազի»,-ասաց Բերբերյանը:
Միավորման նախագահի ունեցած տեղեկություններով, Վարդենիսում էլ մարդիկ հիմնականում «նիսյա»-ով են հողի հետ կապված աշխատանքներն իրականացրել, որ բերքը վաճառելուց հետո գումարները վերադարձնեն:
«էլի բանկերի վատ աշխատանքի հետևանք է, ուղղակի այստեղ գյուղացիներն էլ հույսները չեն կապել բանկերի հետ, իրար հետ պայմանավորված աշխատել են»,-ասաց Բերբերյանը:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով վերջին երկու տարիներին Հայաստանը ավելի շատ կարտոֆիլ արտահանում է, քան ներմուծում: