«Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ զարգացումներ կունենանք». Գագիկ Խաչատրյանը՝ տնտեսական աճի մասին
Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե վարչապետը տնտեսական աճի մասին է խոսում, բայց այդ դեպքում ինչո՞ւ հասարակ ժողովուրդն իր գրպանի վրա դա չի զգում, նախարարը պատասխանեց, որ բարդ խնդիր է, թե քաղաքացին երբ կզգա:
Գ.Խաչատրյանը նշեց, որ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ քայլեր պետք է անեն: Ըստ նրա, ամբողջ աշխարհում փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք 90 տոկոս զբաղվածություն են ապահովում և ՀՆԱ-ի մեծ մասը՝ 70 տոկոսը:
«Այսինքն՝ այն քայլերը, որոնք իրականացնելու համար կառավարությունը ջանքեր է թափում, պետք է արվեն, որպեսզի ամեն մի քաղաքացի զգա: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ զարգացումներ կունենանք: Անցած տարի մենք կարո՞ղ էինք ասել, թե ինչ զարգացումներ կլինեին մեր հարևան երկրներում: Հիմա դժվար է ասել՝ քանի տարում, դա կախված է տնտեսական զարգացումներից և կառավարության այն ջանքերից, որ պետք է կարողանանք ստեղծել»,- ասաց Գ.Խաչատրյանը:
Հարցին, թե ի վերջո տնտեսական աճն այս տարի ինչքա՞ն է լինելու, քանի որ այլ թիվ է ասվում, բայց իրականում այլ ցուցանիշ է արձանագրվում, ֆինանսների նախարարը նշեց, որ միշտ էլ էդպես է լինելու, քանի որ մենք անընդհատ տնտեսական նոր իրողության մեջ ենք:
«Հիմա դուք կարո՞ղ եք կանխատեսել, թե վաղն ինչ տնտեսական իրողություն կունենանք»,- ասաց նա:
Գ.Խաչատրյանն անդրադարձավ նաև ապրիլ-մայիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառության անկմանը: Ըստ նրա՝ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների սանկցիաները մեծ դերակատարություն ունեն, և մեր հիմնական ռիսկերից մեկը համարվում է դա: Դա, ըստ նախարարի, նպաստում է տրանսֆերտների նվազեցմանը:
«Անհանգստություններ ունենք, դրա համար մենք առաջին եռամսյակում բյուջետային մուտքերի առումով մեր նախանշած ցուցանիշներն ապահովել ենք, մնացած ցուցանիշներն էլ մեր կանխատեսած գրաֆիկով գնում ենք, բայց ունենք անհանգստություններ»,- նշեց նա: