Աշուն-ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների. Զախարյան
«Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումն է»,-նշել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ այսօր Երևանում տեղի ունեցած ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի ժամանակ:
Նիստի ընթացքում քննարկվել է 2014-2015 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդյունքները և նախանշվել հետագա գործողությունների պլանը: Այս մասին տեղեկանում ենք էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները:
«Կքննարկենք նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը: Վստահ եմ, որ հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երևանի անկրկնելի մթնոլորտը լրացուցիչ ազդակ կհանդիսանա արդյունավետ աշխատանքի և բովանդակալից քննարկումների համար»,-նշել է Նովակը:
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստի մասնակիցներին ՀՀ կառավարության անունից ողջունել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Անկասկած, երկրի էներգետիկների կողմից իրականացվել է մեծ ծավալի աշխատանք՝ ցանցային տնտեսության մոդեռնիզացման, նոր գեներացնող հզորությունների ներդրման առումով, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կցանկանայի առանձնահատուկ կարևորել վերջերս Ազգային Ժողովում վավերացված Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության հետ:
Մեզ համար շատ կարևոր է նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ խորհրդի 47-րդ նստաշրջանի օրակարգով նախատեսված՝ հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկաների տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման հարցի քննարկումը»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
«Նախ կցանկանայի տեղեկացնել նախորդ նստաշրջանից հետո Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին»,-ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարը խոսել է մասնավորապես ատոմային էներգետիկայի բնագավառում իրականացված աշխատանքների մասին և նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդեն ստորագրվել են երկու համաձայնագրեր, որոնք նպատակաուղղված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու աշխատանքների իրականացմանը: Դրանից բացի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի էներգահամակարգի ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նորերի կառուցման համար: Երվանդ Զախարյանը այդ ծրագրերից առանձնացրել է 220 կՎ «Հաղթանակ» և «Աշնակ», 110 կՎ «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների, ինչպես նաև «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագրերը: Հայաստանի էներգահամակարգի համար նախարարը կարևոր է համարել է նաև SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները: Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից՝ Երվանդ Զախարյանը կարևորել է Իրան-Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորում կատարված աշխատանքների մասին ու նշել, որ 2015թ. մարտին ստորագրվել է նաև Ներդրման համաձայնագիր, որը թույլ կտա Էներգախնայողության ոլորտում իրականացնել ծրագրեր Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի միջոցներով:
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով 2014-2015 թվականների աշուն-ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների:
«Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացումը, ինչպես նաև այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարևոր խնդիր է Հայաստանի համար: Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններով 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը»,-ասել է Երվանդ Զախարյանը:
Ինչպես հայտնի է, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնակից երկրների էներգահամակարգերի ինտեգրման սկզբունքների և ուղղությունների մշակմանը /այդ թվում կոլեկտիվ էլեկտրաէներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում/, ինչպես նաև, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի նպատակով՝ տեխնիկական կանոնակագրերի մշակմանը:
ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհուրդը ստեղծվել է 1992թ. ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին միջկառավարական համաձայնագրով: Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից: