Ապրիլին հողերի առուվաճառքի գործարքի քանակն աճել է
2015 թվականի ապրիլին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 383 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 118 գործարք, մարզերում՝ 265 գործարք: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, 2015 թվականի ապրիլին մարտի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 7.3 %-ով, ընդ որում, Երևանում աճել է 2.6 %-ով, իսկ մարզերում` նվազել 11.1 %-ով: 2015 թվականի ապրիլին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13.3 %-ով, Երևանում՝ 2.5 %-ով, իսկ մարզերում` 17.4 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի ապրիլին Երևան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1 քառակուսի մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2015 թվականի մարտի համեմատ մնացել են անփոփոխ:
Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարմանը, ապա 2015 թվականի ապրիլին հանրապետությունում օտարվել է 1730 միավոր (799.74 հա) հող, որից Երևանում` 92 միավոր (6.06 հա):
Ապրիլին հանրապետությունում օտարված հողերից 1455 միավորի (681.89 հա) նկատմամբ իրականացվել է առուվաճառքի գործարք, որից Երևանում` 66 միավոր (2.98 հա), նվիրատվության գործարք՝ 258 միավորի (116.69 հա), որից Երևանում` 18 միավոր (2.89 հա) և փոխանակության գործարք՝ 17 միավորի (1.16 հա), որից Երևանում` 8 միավոր (0.19 հա):
Կադաստրի փոխանցմամբ՝ հանրապետությունում 2015 թվականի ապրիլին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հողերի առուվաճառքի գործարք ի քանակն աճել է 26.2 %-ով: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքի քանակն աճել է 68.7 %-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ նվազել է 6.0 %-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ`29.4 %-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Լոռու մարզում՝ 237.53 հա, որից 236.79 հա գյուղատնտեսական նշանակության են:
Վաճառված հողերի քանակի 18.8 %-ը կամ 274 միավորը (89.40 հա) հանդիսացել է պետական կամ համայնքային սեփականության հող, որից Երևանում` 22 միավոր (0.44 հա), իսկ 80.3 %-ը կամ 1168 միավորը (590.85 հա) հանդիսացել է մասնավոր սեփականության հող, որից Երևանում` 42 միավոր (2.54 հա): 2015 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է հողերի կառուցապատման իրավունքի վաճառքի 13 գործարք (1.64 հա):