Վրացիներին հետաքրքրում է Հայաստանի փորձը ձկնաբուծության ու պահածոների արտադրության ոլորտում
Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Այս մասին հայտարարել է աշխատանքային երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան:
«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և ես շատ ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել»,-նշել է վրացի նախարարը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:
Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:
«Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:
Օթարի Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:
Այսօր Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում, այնուհետև ուղևորվել Ջերմուկի անասնապահական համալիր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ