ԱՄՀ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնության նոր տրանշը
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), ամենայն հավանականությամբ, պատրաստ է Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնության նոր տրանշը: Հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հուլիսի 29-ին առցանց ասուլիսի ընթացքում հույս է հայտնել, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը կողմ կարտահայտվի Ուկրաինային աջակցելու նախագծին,-հաղորդում է Wall Street Journal-ը:
Խոսելով բարեփոխումներ իրականացնելու հարցում Կիևի պատրաստակամության և ջանքերի մասին` ԱՄՀ ղեկավարը նշել է, որ չնայած երկրի արևելքում իրավիճակի անկայունությանը` «Ուկրաինայի կերպարի շտկման հարցում մենք քաղաքական վճռականություն տեսանք»:
Լագարդը նաև հուսադրող է համարել այն, որ մասնավոր վարկատուների հետ Կիևի բանակցությունները հաջող են անցնում:
Ավելի վաղ ԱՄՀ հատուկ հանձնաժողովը հավանության էր արժանացրել Ուկրաինային 1,7 մլրդ դոլար ծավալով վարկի երկրորդ տրանշի տրամադրման նախագիծը: Այժմ վարկի երկրորդ մասի տրամադրման համար անհրաժեշտ ԱՄՀ գործադիր խորհրդի հավանությունը, որի նիստը նախատեսված է ուրբաթ օրը` հուլիսի 31-ին: