Սերգո Կարապետյան. Գյուղատնտեսական կոոպերատիվների գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է
Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն ու զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է, և պետությունը պատրաստ է իր կողմից աջակցություն ցուցաբերել գյուղացիներին միավորման և կոոպերատիվների ստեղծման խնդրում: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արագածոտնի մարզի մի քանի համայնքեր կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամսնում են, որ Հնաբերդ համայնքում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր:
Նշելով, որ Հնաբերդ համայնքն անասնապահական ուղղվածություն ունի` նախարարը հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես մթերատվության բարձրացման վրա` այս համատեքստում կարևորելով արհեստական սերմնավորման կիրառումը:
Խոսելով CARMAC ծրագրի մասին, Կարապետյանն ասել է, որ այն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում: Ծրագրի շրջանակում մարզի 11 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 132 միավոր գյուղատնետեսական տեխնիկա, այդ թվում 26 միավոր տրակտոր: Ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ և տեղադրել 2 խմոց, շուրջ՝ 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
«Մարզում շուրջ այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավել հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,- ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը մթերումների գործընթացի սահուն կազմակերպումն է: Արդեն սկսվել է լոլիկի մթերումը, և պետությունը պատրաստակամ է օժանդակել վերամշակող ընկերություններին մթերման աշխատանքների սահուն կազմակերպման հարցում: