Bloomberg. Չինաստանին սպառնում է ֆոնդային շուկայի նոր փլուզում
Չինաստանի ֆոնդային շուկայի թեթև ցատկը շարունակական չի լինի, քանի որ Չինաստանը չի կարող իրեն թույլ տալ երկար ժամանակ միլիարդավոր դոլարներ լցնել ֆինանսական շուկա: Նման կանխատեսումներ են անում Bank of America-ի վերլուծաբանները: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Bloomberg-ին:
Բանկի ֆոնդային վերլուծաբան Դեվիդ Կուին կարծում է, որ Shanghai Composite-ը մոտակա ժամանակներում կնվազի ևս 35 տոկոսով: Նա վստահ է, որ չինական ակտիվները գերագնահատված են, դրա համար էլ նոր անկումն անխուսափելի է:
«Հենց մարդիկ հասկանան, որ կառավարությունը հրաժարվում է ֆոնդային շուկայում ուղղակի ինտերվենցիաներից, ներդրողների մեծամասնությունը կրկին կսկսի վաճառել բաժնետոմսերը»,- գրում է վերլուծաբանը:
Նա վստահ է, որ Չինաստանի Ժողովրդական բանկը շուտով կհրաժարվի ինտերվենցիաներից, քանի որ չի կարող երկար ժամանակ ինտերվենցիաների միջոցով ակտիվների գինը բարձր պահել:
Shanghai Composite-ի ինդեքսն ուրբաթ բարձրացել է 4,8 տոկոսով, դրանից մեկ օր առաջ՝ 5,3 տոկոսով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Ժողովրդական բանկը ֆինանսական հատվածի փրկության համար ծախսել է ավելի քան 23 միլիարդ դոլար: