Կառավարությունը չափազանց մեծ լուծ է իր վրա վերցրել, դրա համար էլ չի կարողանում իր ֆունկցիաները լիարժեք կատարել. Գագիկ Մակարյան
«Կարծում եմ, որ այդ ցուցանիշը տնտեսական աճ չպետք է կոչվեր, այլ տնտեսական ակտիվություն»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է շուրջ 4% տնտեսական աճ:
Այդուհանդերձ, Գ.Մակարյանը գտնում է, որ այս կառավարությունը դրական քայլեր կատարել է:
Նա նշեց, որ ՓՄՁ-ների շրջանում հարցումներ են անցկացրել՝ պարզելու, թե օրենքների առումով նրանց համար որ ժամանակահատվածն է եղել լավագույնը: Համաձայն հարցումների՝ 23%-ը նշել է 2009թ-ը: Դրանից հետո՝ 2010-2013 թթ-ը ՓՄՁ-ների համար համարվում են ոչ բարենպաստ տարիներ:
«Այսինքն՝ նախկին կառավարության քաղաքականությունը նեգատիվ ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների վրա»,- ասաց Գ.Մակարյանը:
Ըստ նրա՝ 2014թ-ից սկսած դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն, Գ.Մակարյանը գտնում է, որ դեռ կան բազմաթիվ քաոսային խնդիրներ, որոնք մնում են չլուծված, այդ թվում՝ կա անհավասար մրցակցություն, կոռուպցիա, անհավասարաչափ ստուգումներ. «Բացի այդ, բիզնեսում ով ասես մխրճվել է, դրա համար էլ խնդիրները չեն լուծվում»:
Գ.Մակարյանը գլոբալ խնդիրներից առանձնացրեց նաև ՏԻՄ-երի անգործությունը:
«ՏԻՄ-երն ունեն պարազիտային կարգավիճակ, դրանցից ոչ մեկը չի մասնակցում տնտեսության և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Իրենք բիզնեսից, տեղական տուրքերից գումարներ են հայհայթում, բայց ոչինչ չեն վերադարձնում տնտեսությանը: Համայնքներում զբաղվածության խթանման, բիզնեսի աջակցման ծրագրեր չեն իրականացնում, այսինքն՝ ոչինչ չեն անում»,- նշեց Գ.Մակարյանը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ նման իրավիճակում է գտնվում նաև Ազգային ժողովը: Ըստ նրա՝ ԱԺ-ն վերջին մեկ տարում ընդունել է 205 օրենք, որից 93%-ը ներկայացրել է Կառավարությունը:
«Ստացվում է, որ կառավարությունը չափազանց մեծ լուծ է իր վրա վերցրել, ինչը տարօրինակ է: Ազգային ժողովը գտնվում է հանգստի մեջ, պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, այլ սիմվոլիկ նստած են ԱԺ-ում: Այսինքն՝ կառավարությունը աշխատում է և ԱԺ-ի փոխարեն, փորձում է աջակցել ՏԻՄ-երին, և արդյունքում, բոլոր դժգոհողները հավաքվում են կառավարության դիմաց: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, ինչու են նման իրավիճակը հանդուրժում: Դրա համար էլ կառավարությունը չի կարողանում իր ֆունկցիաները լիարժեք կատարել»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում