Հերբերտ Համբարձումյան. Լարսում արտառոց ոչինչ չկա
Վերին Լարսի անցակետում խցանումների վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունները զարմացրել են Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանին:
«Ոչ մի արտառոց բան չկա: Սովորական գործընթաց է: Ես չգիտեմ, թե ով է այդ տեղեկությունը լրատվական դաշտ նետել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Համբարձումյանը:
Նրա խոսքով, իր վարորդն էլ երկու օր սպասելուց հետո երեկ գիշերը բեռնատարով անցել է Լարսի անցակետը:
«Արդեն երկու տարի է՝ Լարսն անցնելու համար երկու օր է պահանջվում: Դա սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայից ապրանքները սկսեցին տեղափոխել ոչ թե լաստանավերով, այլ՝ Լարսով: Թուրքական բեռնատարները զգալիորեն ավելի շատ են, քան՝ հայկականը: Նույն իրավիճակն է, ինչ եղել է միշտ»,-ասաց Համբարձումյանը:
Խնդրի կարգավորման համար, Համբարձումյանի խոսքով, հայկական կողմն օգոստոսին խնդրել է, որ ռուսական կողմն ավելացնի անցակետի աշխատակիցների թիվը:
«Վարչապետը Ռուսաստանի վարչապետի հետ զրույցում խնդրել է այնպես անել, որ Մաքսային Միության անդամ երկրների մեքենաները սպասարկվեն առանձին գծով: Մենք այժմ սպասում ենք պատասխանի»,-ասաց ասոցիացիայի նախագահը: