Համոզված եմ՝ մինչև տարվա վերջ 4 տոկոս տնտեսական աճ կունենանք. Վարչապետ
Հայաստանի տնտեսությունն ունի ներմուծման անկում, որը որոշ ազդեցություն ունենում է երկրի բյուջեի եկամուտների վրա: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Բայց ես համոզված եմ, որ 4-րդ եռամսյակում մենք կունենանք առաջընթաց: Կփորձենք այս ընթացքում մեր ուժերը համալրել ու լրացնել պակասը», -հավելեց վարչապետը:
Գործադիր մարմնի ղեկավարը նորմալ է համարում Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, քանի որ չկան «խաթարված, չիրականացված սոցիալական ծրագրեր»: Վարչապետն ընդունեց, որ երկիր մտնող մասնավոր տրանսֆերտների պակաս կա՝ 400 մլն դոլարով (25 տոկոս): Բայց մի մխիթարական բան կա՝ գյուղատնտեսության ոլորտն աճ է ապրել:
«Գյուղատնտեսության ոլորտում աճ կա և փորձելու ենք դրանով ինչ որ ձև մեղմացնել մասնավոր տրանսֆերտների պակասը: Ուղղակի համոզված եմ, որ մինչև տարվա վերջ 3-3,5 նույնիսկ մինչև 4 տոկոս տնտեսական աճ կարձանագրենք: Չնայած մեր որոշ տնտեսագետներ ու նաև Էկոնոմիկայի նախարարությունը ավելի լավատես են, բայց կփորձենք ավելի ուշ այդ մասին խոսել փաստով»,-հավելեց կառաարության ղեկավարը: