12:47 21/06/2007 » Կրթություն

ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

Ավարտական և միասնական քննական համակարգի ներդրմանը զուգընթաց, կրթության ոլորտի կազմակերպիչները զբաղված են բուհերում կրթության որակի բարձրացման հարցերով: Իսկ կրթության որակը նրանք խոստանում են բարձրացնել` կետ առ կետ` հետևելով Բոլոնյան գործընթացին: Արդեն 2 տարի է, ինչ Հայաստանը հայտնել է Բոլոնյան գործընթացին միանալու իր պատրաստակամությունը, սակայն առայժմ կրթության որակի բարձրացման առումով փորձագետները շոշափելի արդյունքներ չեն մատնանշում: Այդ գործընթացին ընդառաջ բուհական համակարգը դարձավ երկաստիճան` բակալավրիատ և մագիստրատուրա: Բոլոնյան գործընթացի շրջանակներում, 2002-ին Պրահայում հաստատվել են որակավորումները, թե բակալավրիատը և մագիստրատուրան ավարտելով ուսանողն ինչպիսի՞ որակավորում պետք է ունենա: Տարբեր բուհերի բակալավրիատն ավարտած և մագիստրատուրայում ուսանողները մեզ հետ զրույցում դժգոհում էին մագիստրատուրաների կրթական ծրագրերից: «Դրանք այն նույն ծրագրերն են, որոնք մենք անցել ենք 4 տարի բակալավրիատում սովորելու տարիներին. Իզուր գումարներ ենք ծախսում: Բայց դե, մի կողմից էլ մագիստրոսի աստիճան ենք ձեռք բերում», - ասում է Երևանի Պետական համալսարանի մի ուսանող: Բակալավրիատն ավարտածները նույնիսկ ասում էին, թե իրենք չեն դիմել մագիստրատուրա հենց միայն այն պատճառով, որ կրթական ծրագրերն այստեղ կրկնվում են:

Կրթության ոլորտի փորձագետ Արայիկ Նավոյանը ևս փաստում է, որ Հայաստանում որակավորումների մի տեսակ խառնաշփոթ է ստեղծվել: «Ստացվում է, որ 5 տարվա ծրագիրը ավտոմատ վերցվեց և բաժանվեց 4 տարվա` բակալավրիատի և երկու տարվա` մագիստրատուրայի միջև: Այստեղից էլ գալիս է մեր դժբախտությունը` երկաստիճան համակարգը չի համապատասխանում իրական նպատակին»,- համոզված է Արայիկ Նավոյանը: «Մեր ուսումնական պլանում դեռ պահպանվում է այն, ինչը կար սովետական ուսումնական պլաններում: Դրա համար էլ ուսումնական պլանների բարեփոխումը անհրաժեշտ է: Իհարկե դա համալսարանների գործն է»,- պնդում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Սուսաննա ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ: Սակայն այնպես չէ, որ երկաստիճան համակարգը միանշանակ վատ է ազդում կրթության որակի ապահովման վրա: Ըստ փորձագետի, երկաստիճան համակարգը նույնիսկ կարող է արդյունավետ աշխատել, եթե բուհը կարողանա ներքին կառավարման մեխանիզմները ճիշտ կիրառել: Օրինակ Ֆրանսիայում, մինչև Բոլոնյան համակարգին անցնելը, դիպլոմ է տրվել երկու տարի համալսարանական կրթություն ստանալուց հետո, երեք տարի հետո` «Լիսանս», իսկ 4 տարի հետո «Մետղիս» տեսակի դիպլոմներ: Այժմ, սակայն, այդպես չէ: Ֆրանսիայում ուսանած Ա. Նավոյանը պատմում է, որ Բոլոնյան գործընթացի շրջանակներում այստեղ բարեփոխումներ են իրականացվել, արդյունքում` երկու տարվա ընթացքում շրջանավարտները երկու միջանկյալ դիպլոմ են ստանում, այնուհետև` «Լիսանս» և «Մասթեր» տեսակի դիպլոմներ:

Հայաստանի կրթական համակարգում կրթության որակը բարձրացնելու համար որպես կարևորագույն քայլ նշվում է կադրերի վերապատրաստման և սերնդափոխության խնդիրը: Եվ իսկապես գրեթե բոլոր բուհերում դասախոսական հիմնական կազմը 55 տարեկանից բարձր տարիքի դասախոսներ են: Ավելին, կան ֆակուլտետներ, որտեղ հակառակ տարիքային կենսաթոշակի մասին օրենքին, դեկանները 65 տարեկանից բարձր են: Ու թերևս հենց դա է պատճառը, որ դասավանդման մեթոդներն այնքան էլ արդիական չեն, և դասախոսը, որը քիչ աշխատավարձ է ստանում, այդքան էլ տրամադրված չէ թարմացնել իրեն: Ա. Նավոյանը ևս կարծում է, որ սերնդափոխության խնդիր բոլոր բուհերում ավել կամ պակաս չափով կա: Այդ կարծիքին է նաև կրթության և գիտության նախարարի խորհրդական Ներսես ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Նա նաև նկատում է, որ դասախոսների վերապատրաստումներ բուհերում քիչ են իրականացվում: «Դա արդեն բուհական խնդիր է: Բաց երկիր ենք, պետք է իրենք գտնեն` ինչպես օգտագործել այդ հանգամանքը»,- եզրակացնում է նախարարության ներկայացուցիչը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մեր բուհերում ամենևին էլ տրամադրված չեն լուծել սերնդափոխության խնդիրը. կամ երիտասարդ կադրեր չկան, կամ նրանց ուղղակի ճանապարհ չեն տալիս ինքնահաստատվելու: «Պրոֆեսորադասախոսական անձնակազմը 60-նն անց է, եթե օրենքով շարժվենք, ապա շատ դասախոսներ կգնան արդեն վաստակած հանգստի: Դրա արդյունքում իսկապես ահավոր պրոբլեմ կառաջանա բուհերում: Այդ իրավիճակից դուրս գալու ելքը երիտասարդ, ունակ կադրերին ներգրավելն է: Սակայն դա շատ դժվար է, որովհետև նրանք բարձր աշխատավարձով արտասահմանում են աշխատանքի անցնում»,- ասում է Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Նորայր Հովումյանը:

Բոլոնյան համակարգի շրջանակներում հաջորդ քայլը բուհերում կրեդիտային համակարգի ներդրումն էր, որն արդեն 1,5 տարի է գործում է: Կրթության և գիտության նախարարի խորհրդական Ներսես Գևորգյանը խոստովանում է, որ այդ համակարգն իրեն չի արդարացրել: «Շատ դեպքերում դա ձևական բնույթ է կրում»,- համոզված է նա: Կրեդիտը ուսանողի ծանրաբեռնվածության աստիճանն է և բաշխվում է ըստ առարկայի: Եթե ուսանողն անցնում է 60 տոկոսի շեմը, ստանում է կրեդիտ: Ուսումնական տարին ամփոփելու ժամանակ եթե կրեդիտի քանակը քիչ է, ապա ուսանողը հաջորդ տարի չի անցնում մյուս կուրս և ստիպված է վերահանձնել առարկայի քննությունը: «Դեռ վաղ է ամփոփել այդ համակարգը, որովհետև վերջնական գնահատականներ չկան»,- իր հերթին ասում է Սուսաննա Կարախանյանը: Պարոն Հովումյանը ևս չի համարձակվում գնահատել համակարգը, քանի որ վերջնական ամփոփումներ դեռ չեն արվել: Բայց ընդհանուր առմամբ նա ժամանակավրեպ է համարում Հայաստանի միանալը Բոլոնյան գործընթացին: «Բուհերը պատրաստ չէին դրա համար, լսարաններն ապահովված չեն նյութատեխնիկական բազաներով: Բոլոնյան գործընթացը իր ենթատեքստում ունենում է դասավանդման նոր մեթոդների ակտիվ ներդրում: Դասախոսներ կան, որ կավիճով են գրում, թելադրում են դասընթացը: Սա երկարատև գործընթաց է: Եթե մենք ուզում ենք հասնել եվրոպական բուհերին, ապա մեզ 10-15 տարի է պետք»,- նկատում է նա: Ու հիմա կրթության ոլորտի ներկայացուցիչները ոտքի են կանգնել, որակավորման հանձնաժողով են ստեղծել և հերթականությամբ վերանայում են կրթական ծրագրերը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց