Ցանկանում են ստեղծել ավագ դպրոց` ընտրովի աշակերտներով

16:21 27/11/2009 » Կրթություն

Ցանկանում են ստեղծել ավագ դպրոց` ընտրովի աշակերտներով

Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպել էր «Ավագ դպրոց» թեմայով առաջին քննարկումը լրատվամիջոցների ներկայցուցիչների հետ:


Հանդիպման ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը ձեռնամուխ է եղել իր կարևորագույն և խոշորածավալ նախագծերից մեկի`«Այբ կրթական հանգույց» ծրագրի իրագործմանը, որը կարող է հայկական ապագա դպրոցի նախատիպը հանդիսանալ: Նա նշել է, որ «Այբ կրթական հանգույց»-ը լինելու է Հայաստանում առաջին դպրոցական ավանն իր բոլոր առանցքային բաղադրիչներով` դպրոց, եկեղեցի, մեդիա արվեստների կենտրոն, մարզահամալիր, արվեստանոցներ, արհեստանոցներ, հանրակացարաններ և այգիներ: Արամյանի խոսքով` «Այբ»-ը նպատակ ունի ոչ միայն ստեղծել 21-րդ դարի չափանիշներին համահունչ դպրոց, այլև կրթությունը ինքնագիտակցող հասարակության միկրոմոդել կամ, այսպես կոչված, կրթող համայնք:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ասաց նաև, որ «Այբ կրթական հանգույց»-ը կառուցվելու է Երևանում, Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքի վրա:
Դպրոցը նախատեսված է մոտ 800 աշակերտի համար և ունենալու է եռաստիճան համակարգ` տարրական, միջին և ավագ դպրոց: Ըստ Արամյանի` այդ հողատարածքը պետությունը խոստացել է անհատույց ամրագրել հիշյալ ծրագրին, որը, սակայն, իր վերջնական լուծումը չի ստացել, դրա համար սպասում են համապատասխան որոշման:

Նա հայտնեց, որ, նկատի ունենալով տնտեսական ճգնաժամը, ընտրվել է «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման փուլային տարբերակը, քանի որ միանգամից ծրագիրն իրականացնելը մեծ ծախսերի հետ է կապված: Քահանայի տեղեկացմամբ` առաջին հերթին նախատեսվում է կառուցել երկու տարվա ընթացքում ավագ դպրոցը, որից անմիջապես դրանից հետո` միջին և տարրական դպրոցը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերով, ավագ դպրոցի ընդունելությունը լինելու է մրցութային կարգով: Ավագ դպրոցում լինելու են տեխնոլոգիապես հագեցած դասասենյակներ, ժամանակակից լաբորատորիաներ, գրադարաններ
(գրքային, ձայնային, տեսաֆիլմեր և այլն), արվեստանոցներ, երաժշտական ստուդիաներ, ակումբներ, ցուցասրահներ, այգիներ, մարզական համալիր, մեդիա արվեստի կենտրոն ստուդիաներ: Ավագ դպրոցն ունենալու է նաև կարիերայի կենտրոն: Դպրոցում դասավանդվող առարկաները լինելու են պարտադիր և ընտրովի:

«Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն էլ ասաց, որ այդ ծրագիրը 10 տոկոսի չափով ֆինանսավորելու է պետությունը, իսկ մնացածը իրականացվելու է հանգանակությունների միջոցով:
«Նախատեսվում է նաև անկցակցել դրամահավաք, որպեսզի ավելի լայն շրջանակներ մասնակից դառնան այս ծրագրին: Արդեն կան սփյուռքահայ բարերաների հետ պայմանավորվածություններ, այն մասին, որ նրանք ֆինանասապես աջակցելու են այս ծրագրին»,- հավելեց նա:

Դավիթ Սահակյանն էլ տեղեկացրեց, որ այս ծրագիրը 47 մլն դոլար արժողությամբ ծրագիր է և ճգնաժամի պատճառով այն բաժանվել է երեք փուլի: Առաջին փուլը դպրոցի կառուցումն է:


«Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացումից հետո կազմակերպված քննարկման ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին անհանգստացնող մի շարք հարցեր. օրինակ` այդ դպրոցի ստեղծումն արդյոք վտանգ չի պարունակում գյուղերի համար, քանի որ այնտեղի լավագույն երեխաները կցանկանան սովորել այդ դպրոցում: Դպրոցում երեխաների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով, արդյոք վտանգ չկա, որ արդյունքում կունենանք ևս մի կղզիացած դպրոց, ինչպես Երևան քաղաքն է կղզիացած:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, պատասխանելով բարձրացված հարցերին, նշեց, որ իրենք նպատակ չունեն գյուղերը լավագույն երեխաներից «բեռնաթափելու», սակայն հավելեց, որ կա նաև հարցի մյուս կողմը. կան երեխաներ, որոնք իրենց գիտելիքով շատ առաջ են իրենց հասակակիցներից, և իրենց դպրոցում ստացած գիտելիքով չեն բավարարվում, այդ դեպքում այս դպրոցն աջակցություն կլինի այդ երեխաներին:

Նա, անդրադառնալով դպրոցի կղզիացման վտանգին, ասաց, որ ի սկզբանե «Այբ» կրթական հիմնադրամն այնպիսի սկզբունքներ է որդեգրել, որ այժմ Հայաստանում մարզային և մայրաքաղաքի դպրոցներում ներկա հաստատություն են, քանի որ իրականացնում են բազմաթիվ նախագծեր:

«Մեր դպրոցը իր գործունեությամբ աջակցելու և օգնելու է շատ այլ դպրոցների, որպեսզի կրթության որակը Հայաստանում բարելավվի»,-հավելեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Ըստ նրա` վերոնշյալ հայեցակարգը ձևավորման և զարգացման երկար ճանապարհ է անցել, կազմակերպվել են քննարկումներ և հանդիպումներ տարբեր կազմակերպությունների ու անհատների, մասնագիտական խմբերի և համայնքների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև եղել են հանդիպումներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Եվրոպայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ «Ապագայի դպրոցի» ծրագիրը ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին ` արժանանալով նրանց հավանությանը և աջակցելու պատրաստակամությանը:

Ի դեպ` այս տարի հիմնադրամը վերոնշյալ թեմայով քննարկում է կազմակերպելու նաև ճարտարապետների և գործարար համայնքի ներկայացուցիչների ու մշակույթի գործիչների հետ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց