ԵՐԵՎԱՆԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ. «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է »
Երևանի Էրեբունի համայնքի վարչական տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը շարժվում է. այնտեղ թաղված ավելի քան 500 տոննա թունաքիմիկատները` այդ թվում 50 տոկոս կայուն քլորօրգանական միացությունները, գտնվում են սողանքային գոտու վրա:
Գերեզմանոցը կառուցվել է «Հայգյուղքիմիա» միավորման կողմից, 1982 թվականին: Այստեղ թաղված 500 տոննա թունաքիմիկատների 50 տոկոսը կայուն քլորօրգանական միացություներ են, որոնք, ըստ մասնագետների, երկար տարիներ մնում են հողում: Գերեզմանոցի մոտակայքում տարիների ընթացքում կառուցվել է ամառանոցային ավան: Դրանից քիչ հեռու տեղակայված է երկու գյուղական բնակավայր` Մուշավան և Գեղադիր:
«Ամեն տարի սողանքը ճեղքվածք է տալիս և 7 տարիների ընթացքում արդեն 12 մետր առաջ է եկել», - ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի« հ/կ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:
«Բնակավայրը մոտեցել է տեղանքին, այսինքն ամեն րոպե կարող է տեղից թունանյութը անցնել խմելու ջրի մեջ, հողի միջոցով գնալ բնակչության մոտ: Մի խոսքով դա վտանգ է, մի ռումբ, որը դրված է Երևանին անմիջապես մոտ» - ահազանգում է Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը:
Լիլիկ Սիմոնյանը և նրանց կազմակերպությունը ուսումնասիրություն են կատարել ու պարզել, որ վերջին տարիների ընթացքում ավելացել են թունաքիմիկատների, մասնավորապես, ԴԴՏ-ի և ՀՔՑՀ-ի (հեքսաքլորցիկլոհեքսան) քանակները հողում, որոնք գերազանցում են սահմանային թույլատրելի խտությունը` մի քանի հարյուր անգամ:
«Այսինքն, սողանքների հետևանքով տեղի է ունեցել գերեզմանոցի ամբողջականության խախտում, առկա է թունաքիմիկատների արտահոսք` գերեզմանոցից դեպի արտաքին միջավայր», -ասում է փորձագետ Սիմոնյանը:
Եվ որպես դրա վառ ապացույց` նա մատնանշում է իրենց մեկ այլ հետազոտության արդյունքը. տարածքի բնակիչների շրջանում ուսումնասիրել և հայտնաբերել են, որ մայրական կաթի մեջ ԴԴՏ թունաքիմիկատ կա:
«Դա խոսում է այն մասին, որ քլորօրգանական թունաքիմիկատները ունեն երկար տարիներ մարդու օրգանիզմում պահպանվելու հատկություն», - բացատրում է փորձագետը:
«ԴԴՏ-ն լուծվելու հատկություն ունի, ու հողի միջոցով անցնում է բույսի մեջ, այնուհետև` մարդու օրգանիզմ: Այն նաև կուտակվելու հատկություն ունի ու շատ երկար ժամանակ չի քայքայվում, փոխում է իր նախնական տեսքը դառնում է մետաբոլիտ», - գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների վտանգավորության աստիճանն է ներկայացնում բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը:
Վտանգավորն այն է, որ գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտու վրա: ԱԻՆ աշխատակիցները պարբերաբար գնում են և ուսումնասիրում` ի՞նչ է կատարվել գերեզմանոցի հետ և արդյո՞ք սողանքը չի տարածվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Կարապետ Կարապետյանն ասում է, որ սողանքներն այդտեղ սկսվել են 80-ական թվականների կեսերին: Դրանք զսպելու համար որոշ միջոցառումներ իրականացվել են, բայց բավական չեն եղել: Մասնավորապես, դրենաժային համակարգ է ստեղծվել և անձրևաջրերը լցվում են ու կուտակվում դրա մեջ: «Բետոնե առվակներ ենք կառուցել, որոնց միջոցով ջուրը լցվում է այդ դրենաժի մեջ, և գերեզմանոցի վրա ջրեր չեն գոյանում, հակառակ դեպքում սողանքը կակտիվանա», -բացատրում է Կարապետյանը: Վերջինս ներկայացնում է սողանքի ակտիվացման վտանգավորության աստիճանը` «եթե սողանք լինի, ահագին թունաքիմիկատներ դուրս կգան և արտանետումներ կլինի մթնոլորտ»:
Ըստ Կարապետ Կարապետյանի, վերջերս նման մի դեպք եղել է, երբ մի մարդ տրակտորով փորձել է փորել տարածքը, չիմանալով, որ այնտեղ թունաքիմիկատներ են թաղված: «Տեսել է տհաճ հոտ է գալիս, թողել, գնացել է: Մենք գնացինք և վերաթաղում կատարեցինք», -ասում է Կարապետյանը:
Թունաքիմիկատների գերեզմանոցից սպասվող վտանգը վերացնելու համար Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցով (FAO) 2, 5 մլն եվրոյի չափով գումար է հատկացրել: Իրավիճակի գնահատումից հետո ծրագիրը կսկսի գործել: Կարինե Եսայանի ներկայացմամբ, նախ պետք է թունաքիմիկատները հանվեն գերզմանոցից, փաթեթավորվեն և նոր միայն` ոչնչացվեն: Այսքանից հետո խնդիրը կվերանա՞ հարցին պաշտոնյան պատասխանում է. «Ինձ թվում է` այո»:
Հասմիկ Համբարձումյան