Զինվորի հայր. «Գնդակի նման տշում էին մի հիվանդանոցից մյուսը»

13:57 27/01/2012 » Առողջություն

Զինվորի հայր. «Գնդակի նման տշում էին մի հիվանդանոցից մյուսը»

Խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Վ.-ից, ում որդին ներկայումս ծառայում է բանակում, ավելի կոնկրետ` ԼՂՀ-ում: Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, զինծառայողների ծնողներն ունեն պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու իրավունք, ինչից փորձել է օգտվել նշյալ քաղաքացին ու հայտնվել իսկական «ոդիսականի» մեջ:

45-ամյա տղամարդը, ով մեկ անգամ արդեն վիրահատվել է, Ամանորից առաջ վերստին սուր ցավեր է զգացել ծնկի շրջանում, իսկ քայլելն աստիճանաբար ուղղակի անհնարին է դարձել: Համապատասխան (վճարովի) հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ վերստին առկա է ծնկահոդի «մկնիկի» վնասվածք, ինչը ենթադրում է պարտադիր վիրահատություն: Հիվանդանոցներից մեկում անմիջապես առաջարկել են վիրահատվել, սակայն մի քանի օր անց, երբ պարզվել է, որ վիրահատությունը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում, բժիշկների ոգևորությունը «կոտրվել» է ու նրանք ասել են, թե իրենք նման վիրահատություն չեն կարող անել, պետք է դիմել ուրիշ բժշկական կենտրոններ:

Առաջին օրվա ոգևորությունը մարել է նաև այս բուժհաստատությունների բժիշկների մոտ, երբ տեղեկացվել են վճարման «կարգի» մասին: Ու սկսվել է պատճառաբանությունների շարքը… մի դեպքում` բաժանմունքն անորոշ ժամանակով փակվում է, մյուս դեպքում… ազատ մահճակալ չկա:

Քաղաքացին նշում է, որ արտաքուստ որևէ տեղ չեն մերժել վիրահատել, սակայն նման պատճառաբանություններով փորձում են ձգձգել և այնպիսի վիճակ ստեղծել, որ մարդն ուղղակի հրաժարվի իր իսկ իրավունքներից և կատարի համապատասխան վճարումները: Եվ սա այն դեպքում, երբ պաշտպանության նախարարության համապատասխան մարմինը տվել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ընդ որում` առանց ավելորդ քաշքշուկների, շատ կարճ ժամանակամիջոցում:

Ավելին, մարդիկ համբերատարությամբ մի քանի անգամ փոխել են գործուղման թերթիկը` ըստ հիվանդանոցների փոփոխման:

«Գնդակի նման տշում էին մի հիվանդանոցից մյուսը, իսկ ՊՆ-ում մի վայրկյան անգամ չտրտնջացին, ամեն անգամ ըստ անհրաժեշտության փոխում էին գործուղման հասցեն»,-գրում է քաղաքացին, ով խնդրում է առայժմ չհրապարակել իր անունը` հույս ունենալով, որ ընդհանուր առմամբ ուշադրություն կդարձվի այս հարցին, իսկ բժիշկներն էլ, հրապարակումից հետո, հոդվածի տողերում կճանաչեն իրենց ու վերջապես արժանավայել վերաբերմունք ցույց կտան:

Ճիշտ նույն պատճառներով էլ առայժմ չենք գրում հիվանդանոցների ու բժիշկների անունները և նպատակ ունենք առողջապահության նախարարի ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որպեսզի ոչ թե մեկ անձի հարցը կարգավորվի, այլ ընդհանրապես բացառվի նման վերաբերմունքը զինծառայողների ծնողների նկատմամբ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ պարոն Քուշկյանն ուղղակի տեղյակ չէ, որ նման բաներ են կատարվում իր ղեկավարած ոլորտում:

 Հեղինակ` Արտակ Ճաղարյան

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց