Բժիշկ. Վերջին տարիներին մանկական քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճ չի նկատվում

12:36 16/02/2012 » Առողջություն

Բժիշկ. Վերջին տարիներին մանկական քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճ չի նկատվում

Հայաստանում տարեկան արձանագրվում է 90-100 մանկական քաղցկեղի հիվանդացության դեպք: Վերջին տարիներին աճ չի նկատվում: Այս մասին ասուլիսում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանը:

Ըստ բժշկի, դեռևս անհայտ է, թե ինչու է երեխաների մոտ առաջանում քաղցկեղ: Որոշակի ազդեցություն հնարավոր է ունենալ նաև օդի կեղտոտվածությունը, ճառագայթումը, նաև մորից անցումը պտղին: Մանկական հասակում ավելի քիչ են նաև քաղցկեղի կանխարգելիչ միջոցները: Գ. Բադալյանը խորհուրդ տվեց ապագա մայրերին ապրել առողջ ապրելակերպով, զերծ մնալ տարբեր վնասակար սովորույթներից` ծխել, ալկոհոլ օգտագործել:

Ի դեպ, ըստ բժշկի, այն կանայք, ովքեր երեխա են ունենում 35-40 տարեկանում, նրանց երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում քաղցկեղ: «Կոնկրետ ինչն է պատճառը, չենք կարող ասել, ուղղակի վիճակագրություն է»,- ասաց բանախոսը:

Ամենահաճախը հանդիպում է արյան քաղցկեղը, այնուհետև` ավշային համակարգի քաղցկեղը, գլխուղեղի չարորակ ուռուցքը և այլ օրգանների: Հիմնականում հիվանդանում են 2-6 տարեկան հասակում:

Տարեկան ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդանում է 175 հազար երեխա, որից 90 հազարը մահանում է: Զարգացած երկրներում հիվանդ երեխաների մոտ 80 տոկոսը բուժվում է: Հայաստանում, վերջին տարիների տվյալներով, չարորակ քաղցկեղով հիվանդ երեխաների 60-70 տոկոսի բուժումն արդյունավետ է:

Գ. Բադալյանն ասաց, որ մանկական ուռուցքաբանությունը ամենաթանկ ոլորտներից է: Եվրոպայում բուժումն արժե 100-150 հազար եվրո, իսկ Հայաստանում` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, հիվանդ երեխաները բուժվում են պետպատվերի շրջանակներում, թեև ծնողները ստիպված են լինում շատ հաճախ դեղերը գնել: Ըստ բժշկի, Հայաստանից վերջին տարիներին շատացել է արտասահմանում բուժվողների թիվը, քանի որ նոր մեթոդների կիրառման դեպքում կարող է տվյալ հիվանդ երեխան բուժվել:

Վերջին տարիներին, բժշկի փոխանցմամբ, Հայաստանում քիչ են ներդրվում տեխնոլոգիաներ` մանկական ուռուցքաբանության դեմ պայքարի համար: Սակայն մեկուկես տարի անց Հայաստանը կունենա Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոն, որը ըստ մասնագետի, կունենա ամենաժամանակակից սարքավորումը, կկիրառվեն ժամանակակից մեթոդներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց