Համաճարակաբան. «Ամռանը ամենօրյա սննդակարգից պակասեցրեք միսը, խմորեղենը, կաթնամթերքը, բայց օրական պարտադիր 1-1.5 լիտր ջուր խմեք»

14:08 19/06/2012 » Հասարակություն

Համաճարակաբան. «Ամռանը ամենօրյա սննդակարգից պակասեցրեք միսը, խմորեղենը, կաթնամթերքը, բայց օրական պարտադիր 1-1.5 լիտր ջուր խմեք»

«Դուք բոլորդ նորմալ սնվում եք չէ՞, որևիցե մեկդ թունավորվո՞ւմ է, այս հարցը գուցե պետք չի այդքան սրել, ի վերջո բոլորն էլ գիտեն ինչպես սնվեն»,- «Ամռանը ինչպե՞ս սնվել» թեմայով նախատեսված ասուլիսն այսպես սկսեց «Նորք» հանրապետական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ հավելելով, որ կարիք չկա այս հարցն այդքան բարձրացնել:

Նրա խոսքերով՝ բնական է, որ ամռան շոգին չի կարելի սնվել այն սննդակարգով, որը ձմռանն ենք օգտագործում: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է «չալաղաջներին, յուղոտ կերակուրներին»: Ըստ Ա.Ասոյանի՝ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են լինում, ուստի ամռանը սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է ամենօրյա սննդակարգից պակասեցնել մսեղենը, խմորեղենը, կաթնամթերքը, խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել մածուն, պանիր, իսկ թթվասերից, կաթից հարկավոր է ժամանակ առ ժամանակ հրաժարվել: Բացի այդ, խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, միրգ: Գլխավոր համաճարակաբանը նշեց նաև, որ շոգ եղանակին մարդկանց օրգանիզմը աղերի և հեղուկի պակաս է զգում, հետևաբար խորհուրդ է տրվում օրական պարտադիր 1-1.5 լիտր ջուր խմել:

Ա.Ասոյանը նշեց, որ սովորաբար թունավորումները առաջանում են այն սննդամթերքից, որը ճիշտ չի պահպանվել: Գլխավոր համաճարակաբանը բնակչությանը խորհուրդ է տալիս չգնել փողոցում վաճառվող սննդամթերք, հատկապես զգույշ լինել արագ փչացող սննդամթերքից: «Ցանկացած սննդամթերք, որը սառնարանային պայմաններում չի պահպանվել, բնականաբար, մեր օրգանիզմի համար վտանգավոր է: Ամռան շոգին չի կարելի օգտվել արևի ճառագայթների տակ գտնվող սնունդից: Զարմանում եմ, որ մեր քաղաքացիները օգտվում են այդ սնունդից, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր խանութից գնում են սննդամթերք այն վաճառողի ձեռքից, ով նույն ձեռքով դրամ է վերցնում և նույն ձեռքով էլ սնունդ մատուցում»,- ասաց նա: Հարցին, իսկ ինչ պետք է անել, Ա.Ասոյանը նշեց, որ դրա դեմ պետք է ըմբոստանալ: «Վաճառողներից պահանջեք, որ տոպրակները բացելիս ոչ թե մատը թրջեն բերանում, այլև խոնավեցնող սպունգի միջոցով այդ գործողությունն իրականացնեն»,- նշեց գլխավոր համաճարակաբանը:

Ա.Ասոյանը հայտարարեց նաև, որ այս պահի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սննդային թունավորման դեպքեր չունեն: Սա նշանակում է, որ վերահսկողությունը նախորդ տարիների համեմատաբար բարձր է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց