Շշերին փակցրած դրոշմապիտակները՝ չարիք երեխաների համար
Հյութերի, հեղուկների տարաների վրա փակցրած դրոշմապիտակներն իսկական չարիք են դարձել երեխաների համար: Երեխաները ձեռքներն ընկած տուփի, շշերի վրայից պոկում են սոսինձով պատված դրոշմապիտակն ու կուլ տալիս: Իսկ նման դրոշմապիտակներ կան նաև մանուկների համար նախատեսված ըմպելիքների տարաների վրա:
«Հայ ծնողների անկյուն» ֆեյսբուքյան խմբում ծնողներից մեկը խմբի 7 հազարից ավելի մայրիկներին խորհուրդ է տալիս զգույշ և ուշադիր լինել: Նրա 7ամսական բալիկը կուլ է տվել դրոշմապիտակը, խեղդվող երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անզգայացումից հետո կարողացել են օրգանիզմից հեռացնել չարաբաստիկ պիտակը: Այս գրառում-զգուշացման տակ արված մեկնաբանություններից կարելի է դատել, որ երեխաների շրջանում նման դեպքերը բազմաթիվ են ու շատ մայրիկներ արդեն անցել են այդ փորձության միջով:
Ծնողներից մի քանիսը կարծիք են հայտնել, որ խնդրով պետք է զբաղվեն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվողները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից Panorama.am-ին ասացին, որ խնդրի վերաբերյալ թվեր կարող է հայտնել միայն տնօրենը, նա էլ քաղաքապետարան է գնացել, կվերադառնա մի քանի ժամից:
Նշենք, որ դրոշամապիտակների ու շշերի վրա որևէ գրություն չկա՝ դրանք երեխային չտալու մասին: Հայտնի է դեպք, երբ քաղաքացին դատի է տվել լվացքի մեքենա արտադրող ընկերությանն ու դատը շահել այն բանի համար, որ մեքենայի գրքույկում նշված չէ դրա մեջ կենդանիներին լողացնելն արգելելու մասին: Քաղաքացին որոշել է կատվին լողացնել մեքենայով, սակայն վատ վերջաբան է եղել, կատուն սատկել է:
Այս պարագայում հայ ծնողներն էլ կարող են հայց ներկայացնել ընդդեմ ֆինանսների նախարարության կամ էլ մնացած արտադրողների: Նման մտադրության մասին խմբի անդամ մայրիկներն արդեն հայտնել են:
Իսկ մինչ այդ, հայ մայրիկի պես հորդորում ենք, զգույշ լինել ու դրոշմապիտակով շշեր երեխաներին չտալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին