«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան այս տարի 5 ուղղություն է ընդգրկում
Մարտի 8-ին հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը՝ մարտի 9-ին, մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի՝ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություից:
«Այս տարի 5 ուղղություն է ընդգրկում ակցիան. երեք վիրահատական՝ աչքի, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական և երկու հետազոտական՝ համակարգչային տոմոգրաֆիայի և վահանաձև գեղձի, այդ թվում և հորմոնների հետազոտություն։ Ինչպես ամեն տարի, նախնական հետազոտությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, որտեղից քաղաքացիներն, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն համապատասխան հիվանդանոցներ՝ նեղ մասնագիտական հետազոտության, ապա, անհրաժեշտության դեպքում, վիրահատության։ Ակցիան ավարտվելու է ապրիլի 7-ին»,- ներկայացրել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Անցյալ տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժսպասարկման է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի. վիրահատվել են 1936-ը, ընդ որում՝ կատարվել է աչքի շուրջ 800 վիրահատություն։