Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում նոր ամբուլատորիաներ են բացվել
Տավուշի մարզի Նավուր, Բագրատաշեն և Ոսկեվան, Լոռու մարզի Լեռնապատ, Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքների բնակիչներին ուրախություն է պարգևել ամբուլատորիաների նորակառույց շենքերի շահագործումը։
Իսկ Տավուշի մարզի Բերդավանի ամբուլատորիան և Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը վերաբացվել են հիմնանորոգումից և ժամանակակից սարքավորումներով հագեցվելուց հետո։ Մարզային բժշկական բոլոր այս հիմնարկությունները շահագործման են հանձնվել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Իսկ որ առավել կարևոր է` դրանք կառուցվել ու հիմնանորոգվել են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Այդ միջոցները մարզերի գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման օղակի ենթակառուցվածքների արդիականացմանն են ուղղվել ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ որոշումով:
2014-2015թթ. ծրագրում հավելյալ ընդգրկվել են 12 համայնքային ամբուլատորիա և Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը, որոնց շինարարական աշխատանքները հիմնականում մեկնարկել էին 2014թ. մայիսին:
Այս ամիս կսկսվեն Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների ամբուլատորիաների նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016թ. առաջին եռամսյակում:
Այս աշխատանքների իրականացման համար արդեն իսկ ներդրվել է 397 մլն ՀՀ դրամ։ Առաջիկայում կներդրվի ևս շուրջ 300 մլն: