««Կովալ» չի, «կաշմար» ա». Սասուն Միքայելյանը խախտումների մասին է բարձրաձայնում

16:37 06/02/2012 » Հարցազրույցներ

««Կովալ» չի, «կաշմար» ա». Սասուն Միքայելյանը խախտումների մասին է բարձրաձայնում

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: Այստեղ քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և արցախյան ազատամարտի հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Սասուն Միքայելյանի հետ

-Ինչպե՞ս է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն ընթանում, պարոն Միքայելյան

Բարձր մակարդակով

Ի՞նչ է դա նշանակում

Ժողովրդի բարձր տրամադրությամբ և մասնակցությամբ

Քարոզարշավի ընթացքում ձեր նախընտրական շտաբը խախտումներ արձանագրե՞լ է

-Վարչական լծակներ, այո, հակառակորդը օգտագործում է

Մասնավորապես, ի՞նչ է անում

-Մասնավորապես, մարդկանց են ահաբեկում, ուսուցիչները քարոզ են անում, սպառնում են գործից ազատել աշխատողներին: Ինչ հնարավորություն ունեն, այն էլ անում են:

-Փաստեր ունե՞ք, պարոն Միքայելյան

Ունեմ, հըմի ընգնեմ դրանց հետևի՞ց: Պետք ա, կտանք: Աշխատողներին ահաբեկում են` եթե չեթաք ընտրեք, աշխատանքից կազատենք: Էլեկտրացանցերից են աշխատանքից ազատել, ուսուցչական կոլեկտիվները ամեն դպրոցից տասը հոգի մարզպետի հրահանգով գործից հետո մարդ են ուղարկում տներ, որ քարոզչություն անեն: Մարզպետն (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը) ի պաշտոնե պարտավոր է հավասարություն պահի, ի՞նչ իրավունքով է նման բաներ անում:

-Պարոն Միքայելյան, Panorama.am-ին տված հարցազրույցում Կովալենկո Շահգալդյանը մասնավորապես, այսպիսի դիտարկում է արել`  «Սասունը սկի իրա կարիքը չունի` ուր մնաց ժողովուրդն իր կարիքն ունենա»: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-«Կովալը» էս ժողովրդի աչքին էլ «Կովալ» չի, «կաշմար» ա: Այդ «կաշմարից» Միքայելյան Սասունը ընենց ա անելու, որ էս ժողովուրդը ազատվի: «Կովալ» դու «կաշմար» ես դառել էս ժողովրդի համար ու դու, «կաշմար», հեռանալու ես իմ օգնությամբ:

-Ադյո՞ք մարզպետի այս հայտարարությունը նշանակում է, որ նրանք հույսը դրել են կեղծիքների վրա

-Բա ինչի՞ վրա պետք ա հույսները դնեն: Ժողովրդի անունից, ժողովրդի լեզվով ա խոսում: «Կովալն» ընդհանրապես ժողովրդի հետ կապ ունի՞.  էսքան տարի ալան-թալան արին, պաշտոնն օգտագործել ա իրա շահերի համար, ինչ ա արել ժողովրդի համար, որ ըտենց դուրս ա տալիս: Կուսակցությունից կուսակցություն ընգավ, էկավ-հասավ Հանրապետական, հիմա ես էլ դարձել եմ էս ժողովրդի աչքի փուշը, հա՞: Եթե իրանք թողեն նորմալ ընտրություններ գնան, 15-20 տոկոս ձայն հազիվ հավաքեն: Բայց դե ժամանակը ցույց կտա, ամսի 13-ին կխոսենք:
 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց