Արմեն Մարտիրոսյան. Երկրի առջև ծառացած խնդիրները ՏԻՄ մակարդակի չեն

18:37 10/08/2012 » Հարցազրույցներ

Արմեն Մարտիրոսյան. Երկրի առջև ծառացած խնդիրները ՏԻՄ մակարդակի չեն

Սեպտեմբեր ամսին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության մասնակցության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

- Պատրաստվո՞ւմ է արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով:

- Ոչ միայն պատրաստվում է, այլև արդեն մասնակցել է: Առաջին ընտրությունը, որ եղել է Թալինում, մենք «Ժառանգության» կողմից ավագանու թեկնածու ենք ունեցել, ով անցել է ավագանի:

- Իսկ ընդհանուր առմամբ քանի՞ թեկնածու եք պատրաստվում առաջադրել:

- Մեր մոտ այս ընտրություններին գերակտիվ մասնակցության նպատակ չի դրվել: Կուսակցական տեղական կառույցներն իրենք են որոշում մասնակցության չափը և ձևաչափը: Ուստի, այն կուսակցականները, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել, կուսակցությունն աջակցել է իրենց, և այն կուսակցականները, որոնք հետագայում կցանկանան մասնակցել, կուսակցությունը աջակցություն կցուցաբերի և լիարժեքորեն կկանգնի նրանց կողքին: Բայց որոշում չկա, որ պետք է պարտադիր մասնակցենք:

- Եթե «Ժառանգությունը» պատրաստվում է մասնակցել համապետական ընտրություններին, արդյո՞ք ՏԻՄ ընտրություններին կուսակցության պարտադիր մասնակցությունը կարևոր չէ:

- Ընդհանրապես այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, այնքան էլ ՏԻՄ մակարդակի չեն, որովհետև ՏԻՄ ընտրությունների արդյունքում չէ, որ հնարավոր է ազատ տնտեսական մրցակցային դաշտ ապահովել, երկրի կառավարման մեջ օրենքի գերակայություն մտցնել, հարկային, մաքսային ծառայությունների աշխատանքի թափանցիկություն ապահովել, օրենքներ փոխենք, փոքր ու միջին բիզնեսին հարկային արտոնություններ տալ և այլն: ՏԻՄ ընտրությունները, հիմնականում, կենցաղային խնդիրների լուծման համար են: Նրանք կախված են կենտրոնական կառավարման ապարատից և շատ թույլ գործառույթ են իրականացնում: Ուստի, ես կարծում եմ, որ իրենք այն լիազորությունները չունեն, որ հնարավորություն կտա խոշոր քայլեր իրականացնել:

- Երբ ընդդիմությունը ընտրություններից հետո խոսում էր ընտրակեղծիքների մասին, մատնացույց էր անում վարչական լծակների կիրառումը:

- Վարչական լծակները, բայց ոչ կոնկրետ ՏԻՄ-ը: ՏԻՄ-ը մի փոքր բան է, որովհետև գլխավորն իշխանության կենտրոնական օղակներն են, որոնք ունեն և´ ֆինանսական լծակներ, և´ այլ լծակներ` հենց կոնկրետ ՏԻՄ-երի վրա ճնշում բանեցնելու համար: Ոչ թե ՏԻՄ-ն է ճնշում բանեցնում, այլ կենտրոնական ապարատն է ճնշում բանեցնում ՏԻՄ-ի վրա, որ այն նմանատիպ քայլերի գնա և պատահական չէ, որ շատ ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ, երբ ընտրվում են ՏԻՄ ղեկավարներ, որոշակի ժամանակ հետո ստիպված դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի կարողանան և´ ֆինանս բերել գյուղ, և' իրենց պաշտպանված զգալ:

- Հնարավո՞ր է, որ ձեր կողմից առաջադրվող թեկնածուներին սատարեն «Ազատ դեմոկրատները» կամ նրանց առաջադրած թեկնածուներին` «Ժառանգությունը»:

- Իհարկե, հնարավոր է: Այստեղ որևէ խնդիր չկա. ողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր կուսակցականները կամ ԱԴ ներկայացուցիչները ցանկանան մասնակցել այս ընտրություններին: Հատուկ աշխատանքներ տանելու կարիք չկա, որովհետև մենք միասին ընտությունների ենք մասնակցել, և տրամաբանական է, որ որպես միասին ճանապարհ անցած կուսակցություններ, իրար թեկնածուների աջակցենք:

- Իսկ մյուս ընդդիմադիր ուժերի հետ կապված` կան համագործակցության ձևաչափեր:

- Կարծում եմ, համագործակցությունը շատ հավանական է, և եթե նրանք այդ աջակցության կարիքն ունենան, կարող են դիմել «Ժառանգությանը», և մենք շատ օպերատիվ կերպով այդ հարցերին լուծում կտանք: Բայց առայժմ որևէ մեկն առաջարկություն չի արել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց