13:29 23/09/2009 » Իրավունք

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել:

Պատասխանող կողմը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն է¸ որը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը¸ գրքի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:

Գրքում զետեղված են թուրք¸ ադրբեջանցի¸ հայ¸ վրացի հեղինակների հոդվածներ: Թուրք հեղինակների հոդվածներում ցեղասպանությունը բառն առնված է չակերտների մեջ¸ բացի այդ¸ ինչպես այսօրվա ասուլիսում ասաց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը¸ գրքում առկա են բազմաթիվ ոչ հայանպաստ¸ անհաջող¸ ստի վրա հիմնված պնդումներ¸ որոնք կասկածի տակ են առնում Հայոց Ցեղասպանության փաստը: Կենտրոնի տնօրենի պնդմամբ¸ սա առաջին դեպքը չէ¸ երբ Ա. Իսկանդարյանը ոչ հայանպաստ դիրքերից է հանդես գալիս:

«Նա առաջին անգամ չէ¸ որ կեղծում է հայոց պատմությունը: Բազմաթիվ այլ դեպքեր կան»¸-կարծիք հայտնեց Ա. Այվազյանը:

Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից¸ սակայն ինստիտուտից պատասխանեցին¸ որ պարոն Իսկանդարյանը Հայաստանում չէ ու Երևան կվերադառնա սեպտեմբերի 26-ին:

Ինչևէ¸ հայցադիմումը հանձնվել է դատարան¸ առայժմ պարզ չէ ոչ նախագահող դատավորի անունը¸ ոչ էլ լսումների օրը:

Հայցվոր կողմը մի քանի պահանջներ է ներկայացրել¸ քանի որ ըստ նրանց «Հիմնադրամը թույլ է տվել թե ազգային¸ թե միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների¸ ինչպես նաև նախադեպային և սովորութային իրավունքի մի շարք խախտումներ»¸ ինչպես նաև «Հայոց ցեղասպանությունը հերքող պնդումներն արատավորում են յուրաքանչյուր հայի պատիվն ու արժանապատվությունը»:

Իրավաբանական մի կազմակերպության հետ կենտրոնը հաշվարկել է¸ որ այդպիսով պատճառվել է բարոյական վնաս` 20 մլն դրամի: «Սա օդից վերցված գումար չէ: Այն հաշվարկված է ութ չափորոշիչների հիման վրա»¸-հավաստեց GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը:

Սակայն հայցվոր կողմն այդքան գումար չի պահանջելու հիմնադրամից: Դատարանին ներկայացված պահանջներն են` պատասխանողին պարտավորեցնել հրապարակավ հերքել վերոնշյալ գրքում վիճարկվող տեղեկությունները,  մի քանի հեռուստաընկերությունների լրատվական գլխավոր թողարկումներում և մի քանի թերթերում¸ արգելել հետագայում Հայոց Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի բոլոր օրինակների հետագա տարածումը¸ ինչպես նաև հասցրած բարոյական վնասի դիմաց հատուցել մեկ խորհրդանշական դրամ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց