Փաստաբան. Ցավոք, մենք հերթական մարդիկ ենք լինելու, որ մեր պետության անօրինությունները պետք է վիճարկենք Եվրադատարանում

13:23 27/02/2010 » Իրավունք

Փաստաբան. Ցավոք, մենք հերթական մարդիկ ենք լինելու, որ մեր պետության անօրինությունները պետք է վիճարկենք Եվրադատարանում

Այսօր «Օլիմպ» արտադրական-կոոպերատիվի բաժնետեր Հովհաննես Ղուկասյանը  և նրա փաստաբան Հայկ Ալումյանը հանդիպեցին լրագրողներին: Նրանք դժգոհեցին, որ գերակա հանրային շահ ճանաչված «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող Միլանո խանութի դիմաց սեփականտիրոջը պետք է վճարեն ավելի քան երկու անգամ քիչ գումար: Տվյալ տարածքում բացառիկ գերակա շահին ուղղված քաղաքաշինական ծրագրերի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ավետիս Կարագուլյան)։

«Ընդամենը մի հարկի արժեքը հատուցելով Հովհաննես Ղուկասյանից հօգուտ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի պետք է փոխհատուցվի այդպիսի անշարժ գույք՝ երկու հարկ օրինական խանութ, գումարած դրան մեկ նկուղ և ձեղնահարկ, և ամբողջ այդ հողատարծքը: Գումարի չափը կազմում է 200 մլն դրամ»,-ասաց փաստաբանը: Ըստ նրա, դատարանը հիմք է ընդունել, որ մեկ հարկի արժեքը հավասար է 200 մլն դրամի: «Ստացվում է մի հարկի արժեքով վերցնում են փաստորեն չորս հարկ: Մեր գնահատմամբ, այդ արժեքը նույնիսկ երկու անգամ քիչ է մեկ հարկի համար»,-հաշվարկեց փաստաբանը: Նրա խոսքով, գործը քննվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Ի դեպ, այս գումարը ևս նրանց չի վճարվել: Ընդդեմ ՀՀ-ի դիմել են նույն դատարան՝ բյուջեից այդ գումարը բռնագանձելու պահանջով: «Ասում են, կնքեք պայմանգիր, գույքը փոխանցեք, հետո մենք ձեզ փողը կտանք, մինչդեռ պետք է ճիշտ հակառակը լիներ: Սա մի աբսուրդի է վերածվել»,-ասաց Հ. Ալումյանը:

Այս հարցը քննվել է բոլոր ատյանի դատարաններում: «Երեք դատական պրոցեսներ են տեղի ունեցել, մենք սպառել ենք բոլոր ատյանները»,-ասաց փաստաբանը, ասելով, որ Վճռաբեկ դատարանը նման գործերը վարույթ չի ընդունում և խուսափում է նման հարցերից: Տարածքի սեփականատերն ու նրա փաստաբանը մտածում են դիմել Եվրոպական դատարան: «Ցավոք, մենք հերթական մարդիկ ենք լինելու, որ մեր պետության այս անօրինությունները պետք է վիճարկենք Եվրոպական դատարանում»,-ասաց փաստաբանը, համոզմունք հայտնելով, որ դատարանը բավարարելու է իրենց հայցը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց