Հանուն աշխատավորների շահերի հիմա էլ կփորձարկեն ներկայացուցիչների մարմինը

13:06 10/03/2010 » Իրավունք

Հանուն աշխատավորների շահերի հիմա էլ կփորձարկեն ներկայացուցիչների մարմինը

Աշխատանքային օրենսգրքի 109 հոդված փոփոխության կարիք ունի:

«Փոխվում է մոտ 109 հոդված՝ տարբեր հարաբերություններին վերաբերող, նպատակը՝ որպեսզի կարողանանք ապահովել օրենքի կիրառելիությունը: Օրինագիծը գտնվում է մեծ օրակարգում, քննարկումներ են ընթանում: Չենք շտապում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին նման մանրամասներ ներկայացրեց Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ըստ նրա, փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել է հասարակական, արտադրական մի շարք փոփոխություններով պայմանավորված: «Մենք հասարակության պահանջը վերարտադրում ենք օրենքի տեսքով»,-ասաց նա:

Նրա ներկայացմամբ, փոփոխությունների թեզերից մեկն էլ աշխատավորների ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումն է: «Բացի արհեստակացական միություններից ցանկալի է, որ հիմնարկ ձեռնարկություններն ունենան աշխատավորների ներկայացուցիչների մարմին, որոնք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար»,-ասաց Հ. Հակոբյանը` ավելացնելով, որ դա կոնվենցիայի պահանջ է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ մարմինն էլ արհեստակցական միությունների պես ի վերուստ դատապարտված չէ՞ ձախողման ու ձևական բնույթ է կրելու: Ի պատասխան դրան, Հ. Հակոբյանն ասաց, որ արհեստակցական միություններն ուրիշ հասրակություններում կարողանում են պաշտպանել աշխատողների իրավունքները, «մեզ մոտ դա չի ստացվում, այստեղ մենք խոսում ենք ուրիշ բանի մասին՝ ազգային սովորույթներ և այլն»:

Նրա խոսքով, եթե ներպետական օրենքներով մեզ չի հաջողվում պաշտպանել աշխատողների շահերը, ապա պետք է ուրիշ բան անել: «Պետք է վերցնենք հաջորդ կոնվենցիան՝ աշխատավորների ներկայացուցչի մասին, և փորձենք այս ճանապարհով հարցը լուծել: Սա է մեր սկզբունքը»,-ասաց պատգամավորը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց