«Իշխանությունները շարունակել են կիրառել հալածանքներ». ԱՄՆ Պետդեպ-ի զեկույց

16:29 12/03/2010 » Իրավունք

«Իշխանությունները շարունակել են կիրառել հալածանքներ». ԱՄՆ Պետդեպ-ի զեկույց

«Մարդու իրավունքները 2009-ին» վերնագրով զեկույց է հրապարակել ԱՄՆ Պետդեպարտամենտը, որտեղ ամենայն մանրամանսությամբ ներկայացված են 2009-ին Հայաստանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրադարձությունները: Մասնավորապես, մեծ անդրադարձ է կատարվել հետմարտիմեկյան դեպքերին` դրանց բացահայտման նպատակով ստեղծված ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը, դատավարություններին և այլն:


Մասնավորապես նշվում է, որ Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողով հրապարակած  եզրակացությունում` 2008թ. մարտի հետընտրական դեպքերի և 10-ը մահվան դեպքերի վերաբերյալ, նշվում էր` հանձնաժողովը չի կարողացել ավելին պարզել 10 մարդու մահվան դեպքերի հանգամանքների վերաբերյալ և կոչ էր անում իրավապահներին ավելին անել` պարզելու, բացահայտելու և քրեական հետապնդում իրականացնելու մահվան դեպքերի համար պատասխանատուների առնչությամբ:

«Զեկույցը մեղադրում էր իշխանություններին, ընդդիմությանը, ինչպես նաև լրատվամիջոցներին բախումներին նախորդած ժամանակահատվածում ընտրական լարվածության մեծացման մեջ: Զեկույցը քննադատում էր էլեկտրոնային
լրատվամիջոցներին նախընտրական փուլում կողմնակալ լուսաբանումների համար, որոնք խորացրել էին հասարակության անվստահությունն իշխանությունների հանդեպ: Սակայն զեկույցը բռնությամբ ուղեկցված անկարգությունների համար
առավելապես մեղադրում էր ընդդիմությանը` նախագահի թեկնածու և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելով նախընտրական ժամանակահատվածը «թշնամանք ու անհանդուրժողականություն» սերմանելու միջոցով թունավորելու և «ընտրությունների օրինականության վերաբերյալ կասկածներ սերմանելու» մեջ` նույնիսկ նախքան քարոզարշավի մեկնարկը: Այնտեղ նաև նշվում էր, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետընտրական բողոքներն ապակայունացրել են երկիրն ու խախտել հասարակական կարգը: Զեկույցը լույս չէր սփռում բախումների ընթացքում զոհված 10 անձանց մահվան հանգամանքների վրա», -ասված է Պետդեպի զեկույցում:


Անդրադառնալով 2009-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին, Պետդեպը նկատել է, որ «իշխանությունները սահմանափակել են իշխանությունն ազատ փոխելու քաղաքացիների իրավունքը Երևան քաղաքի ավագանու ընտրություններում»:

Զեկույցի մյուս հատվածում նշվում է. «Տարվա ընթացքում իշխանությունները քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ում կառավարությունը համարել է քաղաքական ընդդիմադիր, կիրառել են կամայական ձերբակալություններ, կալանավորումներ ու ազատազրկում իրենց քաղաքական գործունեության համար. երկարատև նախնական կալանքը մնացել է խնդրահարույց: Իշխանությունները շարունակել են կիրառել հալածանքներ և դիմել են միջամտության բյուրոկրատական միջոցների` քաղաքական ընդդիմադիրներին ահաբեկելու և հաշվեհարդար տեսնելու համար: Իշխանություններն ուժ են կիրառել` ցրելու քաղաքական ցույցերն ու զսպելու այն քաղաքացիներին, ովքեր ցանկացել են իրազեկել դրանց մասին»:
 
Նախորդող նորություն`Ս.Նիկոյան. «Մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց