Նոր մեղադրանքներ են առաջադրվել Վահագն Չախալյանի դեմ

10:44 13/03/2010 » Իրավունք

Նոր մեղադրանքներ են առաջադրվել Վահագն Չախալյանի դեմ

Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի և նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախքահայության բողոքի ցույցի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Երկիր» միությունը:

Ըստ աղբյուրի, դրա մասին Վահագն Չախալյանին և նրա փաստաբաններին. մարտի 11-ին տեղեկացրել են ջավախքահայ քաղաքական գործչին հարցաքննելու նպատակով Ռուսթավիի խիստ ռեժիմի գաղութ ժամանած Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ոստիկանության քննիչներ Սպարտակ Խեչոյանը և Գևորգ Քսպեյանը:

Որպես հիմք քրեական գործի հարուցման համար քննիչները մատնանշել են Վահագն Չախալյանի վերջերս լույս տեսած «Բանտային-քաղաքական գրառումներ» գրքույկը: Այդ գրքույկում Ախալքալաքի ոստիկանությանն, իբր, հաջողվել է «հայտնաբերել» այնպիսի ապացույցներ, որոնք թույլ են տալիս 2005թ. հարուցված քրեական գործերով հինգ տարի անց՝ 2010թ., նոր մեղադրանքներ առաջադրել արդեն իսկ 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ:

«Երկիր» միությունը խստիվ դատապարտում է վրաց իշխանությունների կողմից իրենց մանկլավիկ՝ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի միջոցով Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հալածանքի այս նոր դրսևորումը: Սրանով վրացական իշխանությունները հերթական անգամ մերկացնում են այն դրդապատճառները, որոնք ընկած են Վահագն Չախալյանի դեմ ընթացող խայտառակ դատավարության հիմքում: Ակնհայտ է, որ ջավախքահայ քաղաքական գործչի դեմ ուղղված այս նոր գործողությունը Վրաստանում մայիսի 30-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին ջավախքահայության ահաբեկման շղթայի օղակներից մեկն է:

«Երկիր» միությունը, ավելի քան երբեք մտահոգ լինելով ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում Ջավախքում ընթացող գործընթացներով, հայտարարում է, որ հետևողականորեն շարունակելու է իր պայքարը ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատությանը և ջավախքահայության իրավունքների իրացմանը հասնելու համար:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել