Խարդախություն` «օդնօկլասսնիկի.ռու» -ի միջոցով. Լիցքավորիր բջջայինս , սիրելիս
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. ապրիլի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է խարդախության 49 դեպք, բացահայտվել է 48-ը: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս հանցատեսակի առնչությամբ ասենք, որ խարդախության համեմատաբար նորահայտ «արտահայտամիջոց» է նաև ինտերնետը, և, ինչպես վկայում են փաստերը` Հայաստանում խարդախությունների դեպքեր են արձանագրվել նաև հանրահայտ «օդնօկլասսնիկի.ռու» կայքէջի միջոցով:
Ահավասիկ. Մայրաքաղաքի բնակիչ Ա. Հակոբյանը ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է. այնտեղ է հայտնվել խարդախություն կատարելու համար:
Պարզվում է, որ նա այդ մի շարք խարդախություններ էլ կատարել է ինտերնետով: «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր աղջիկների հետ, հետո ինտերնետային ամենօրյա շփումներն այնքան են «մտերմացրել» նրանց, որ Հակոբյանն իր վիրտուալ սիրուց ոգևորված աղջիկներին խնդրել է լիցքավորել իր բջջային հեռախոսը:
Պատճառաբանություններն ամեն անգամ այնքան «հիմնավոր» են եղել, որ դյուրահավատ աղջիկները, առանց երկար-բարակ մտածելու, օգնության ձեռք են մեկնել ինտերնետային ծանոթին: Մի դեպքում, օրինակ, «ծանոթուհիներից» մեկը 20 հազար դրամ է փոխանցել Հակոբյանի բջջային հեռախոսին, մեկ այլ դեպքում երեսունհազարական դրամի լիցքավորում են կատարել երկու այլ աղջիկներ: Ինտերնետային մեկ այլ ծանոթուհի էլ, ում Հակոբյանը ներկայացել էր որպես գործարար, «բավարարել էր» նրա հարյուրդոլարանոց ախորժակը:
Ա. Հակոբյանն իր այս «ինտերնետային գործունեության» վերաբերյալ նույնպես խոստովանական ցուցմունքներ է տվել: