20:17 30/07/2010 » Իրավունք

38 ծառայող ազատվել է ոստիկանությունից, 485-ը` ենթարկվել կարգապահական տույժի

Այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում նշվել է, որ որոշակիորեն բարելավվել է փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հետախուզվող հանցագործներից հայտնաբերվել են 888-ը (2009թ 6 ամսում` 830-ը), որոնցից 10-ը հետախուզվել են սպանության, 13-ը`է ավազակության, 9-ը` կողոպուտի, 57-ը` գողության, 53-ը` խարդախության, 32-ը` խուլիգանության և 20-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության զորքերը, արտաքին ծառայության ստորաբաժանումները և, ընդհանրապես, համակարգի ողջ անձնակազմը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, ձեռնարկել են միջոցներ օպերատիվ իրավիճակի կայունությունն ապահովելու, հանրապետությունում կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, արտաքին ծառայության ստորաբաժանումներում ընդգրկված աշխատակիցների ուժերով 2010թ. 6 ամիսների ընթացքում պատշաճ հասարակական կարգ է ապահովվել 1080 զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ:

Բացի այդ, ոստիկանության արտաքին ծառայության ուժերը զգալի աջակցություն են ցուցաբերել պետական մարմիններին` ապօրինի անտառահատումների, ձկնորսության դեմ պայքարում, ինչպես նաև 2010թ. գարնանային զորակոչը անցկացնելիս։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության մարզերում ապօրինի ձկնորսության և ապօրինի անտառահատումների դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են համատեղ ստուգայցեր, որոնց արդյունքում ապօրինի ձկնորսության 9 և ապօրինի անտառահատումների 15 դեպքերով հարուցվել են քրեական գործեր:

Համաձայն ՀՀ ոստիկանության պետի ցուցումի` ոստիկանություն- հասարակություն կապը բարելավելու, ոստիկանության իրավասության շրջանակներում բնակչությանը աջակցելու, ինչպես նաև հասարակական կարգի պահպահման գործում բնակչությանը ներգրավելու նպատակով 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում, նախօրոք հաստատված ժամանակացույցի համաձայն Երևան քաղաքում, մարզերում և ուսումնական հաստատություններում անցկացվել են 904 հանդիպումներ ազգաբնակչության հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել և պարզաբանվել են բնակչությանը հուզող հարցեր` վերջիններիս իրավուքների և պարտականությունների, ոստիկանության գործառույթների, գործող օրենքների և իրավական ակտերի վերաբերյալ:

2010 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանության ծառայությունը զգալի կազմակերպչական և կանխարգելիչ բնույթի աշխատանքներ է իրականացրել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, և պետք է արձանագրել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումը պահպանվել է:

Այսպես. 2010թ. 6 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 849 ճանապարհատրանսպորտային պատահար (2009թ. 6 ամսում` 867), որի հետևանքով զոհվել է 117 (2009թ. 6 ամսում` 150) և մարմնական վնասվածքներ ստացել 1150 (2009թ. 6 ամսում` 1218) մարդ, այսինքն, պատահարների քանակը նվազել է 18-ով, զոհերի թիվը նվազել է 33-ով, իսկ վիրավորների թիվը` 68-ով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ճանապարհապարեկային ծառայության կողմից հայտնաբերվել է ՃԵԿ-ի 354.315 խախտում, անցած տարվա նույն ժամանակահատվածի 306.155-ի դիմաց:

ՀՀ ոստիկանության ղեկավարությունը սկզբունքային է համարում պայքարը համակարգի այն ծառայողների դեմ, ովքեր կոպտորեն խախտում են օրինականությունը, այդ թվում ոտնահարում քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 485 ծառայողներ, որոնցից 38-ը ազատվել են ոստիկանությունից, պաշտոնն իջեցվել է 10-ի, կոչումն իջեցվել է 3-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 18 ծառայողներ, իսկ տարբեր հանցագործություններ կատարելու համար 35 ծառայողների նկատմամբ հարուցվել է 24 քրեական գործ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց